Իրանի վճռականությունը միջանցքային նախագծերի իրականացման գործում
-
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար՝ Ֆարզանե Սադեղ
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Թեհրանը լրջորեն հետևողական է տարանցիկ միջանցքների նախագծերը ավարտին հասցնելու գործում՝ որպես իր տնտեսական և տրանսպորտային դիվանագիտության ռազմավարական առաջնահերթություն:
Նրա խոսքով, չնայած Իրանի գերազանց աշխարհագրական դիրքը, անվտանգությունը և մրցակցային գները կարևոր առավելություններ են, սակայն առանց միջանցքային ենթակառուցվածքների ամբողջացման, այդ կարողությունները չեն կարող լիովին օգտագործվել տարածաշրջանային և արտատարածաշրջանային առևտրային ապրանքաշրջանառության մեծացման համար:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ընդգծել է, որ հարևան երկրների տնտեսական ակտիվիստների հետ համատեղ քննարկումներում մասնավոր հատվածի ամենակարևոր պահանջը եղել է տարանցիկ երթուղիների կայունության ապահովումը և միջանցքների համալրումը: Այս առումով, մինչև այս տարեվերջ Չաբահար-Զահեդան երկաթուղային գծի միացումը օրակարգում է որպես իրականացվող հիմնական նախագծերից մեկը. երթուղի, որը, ըստ Սադեղի, ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Իրանի, այլև հարևան երկրների և նույնիսկ արտատարածաշրջանային խաղացողների համար:
Այս զարգացումներին զուգահեռ, որոշ երկրներ նույնպես հետաքրքրություն են հայտնել Իրանի տարանցիկ ուղիներն օգտագործելու հարցում: Պակիստանը ձգտում է վերականգնել Իրանով դեպի Թուրքիա երկաթուղային բեռնափոխադրման երթուղին, իսկ Չինաստանը նույնպես հաստատել է, որ այս երթուղով բեռների անցկացումը մոտ 12 օրով կկրճատի դեպի Թուրքիա ապրանքների տեղափոխման ժամանակը. առավելություն, որը կարող է ամրապնդել Իրանի դիրքերը տարածաշրջանային լոգիստիկ ցանցում։
Արտաարածաշրջանային մակարդակում, Ռուսաստանի Աստրախանում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հարցով երրորդ միջազգային ֆորումի անցկացումը՝ ասիական և աֆրիկյան երկրների լայն մասնակցությամբ, վկայում է այս երթուղու աճող կարևորության մասին: Այս միջանցքը, որը ձևավորվել է 2000 թվականից՝ Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի մասնակցությամբ, այսօր համարվում է Եվրասիան Արևմտյան և Հարավային Ասիային, ինչպես նաև Արևելյան Աֆրիկային կապող առանցքներից մեկը: Այս բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ Իրանը, կենտրոնանալով միջանցքների նախագծերի ավարտման վրա, ձգտում է ամրապնդել իր դերը որպես հիմնական տարանցիկ հանգույց տարածաշրջանի նոր տնտեսական կարգում: