Շիրղոլամին հայտնել է Իրանի և Հայաստանի միջև լայնածավալ զորավարժությունների պլանավորման մասին
Հայաստանում Իրանի դեսպանը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի Թեհրան կատարած այցին, այն համարել է երկու երկրների միջև հարաբերությունների աճի նշան, որի հիման վրա ապագայում նախատեսվում են երկու երկրների միջև ավելի լայնածավալ զորավարժություններ անցկացնել։
ISNA-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր (երեքշաբթի) լրագրողներին ասել է, որ հաշվի առնելով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև առկա հարաբերությունները, Հայաստանի և Իրանի միջև անցյալ տարի անցկացված զորավարժությունների նման միջոցառումները կարող են անցկացվել ապագայում և լինել ավելի լայնածավալ։
«News Armenia» լրատվական կայքը գրել է. «Խալիլ Շիրղոլամին նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայումս գտնվում է Թեհրանում, ինչը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների աճի մասին»։
Իրանցի դիվանագետը հավելել է, որ Պապիկյանի Իրան կատարած ներկայիս այցը նախապես պլանավորված էր։
Հայաստանում Իրանի դեսպանը նշել է. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը: Այս այցի շրջանակներում երկու կողմերը մտքեր կփոխանակեն տարբեր հարցերի շուրջ, ինչը կհանգեցնի հարաբերությունների խորացմանը»:
Շիրղոլամին նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև սահմանները միշտ եղել են խաղաղության և բարեկամության սահման, և սա մեծ նշանակություն ունի երկու երկրների համար:
Իրանի դեսպանի խոսքով՝ ռազմական ոլորտում համագործակցությունը հիմնված է այս պատմական հարաբերությունների, սահմանների անձեռնմխելիության և երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության վրա: