Թեհրանը և Իսլամաբադը կարևորում են տնտեսական և քաղաքական հարաբերությունների ամրապնդումը
Իրանի նախագահը և Պակիստանի վարչապետը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և դիվանագիտական ներկայիս միտումները, ընդգծել են մասնավորապես՝ տնտեսական, առևտրային և մաքսային ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար համատեղ խորհրդակցությունների շարունակման անհրաժեշտությունը։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հայտնում է, որ Մասուդ Փեզեշքյանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին վիճակը և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և դիվանագիտական ներկայիս միտումների վերաբերյալ։
Իրանի նախագահը շնորհավորել է Պակիստանի բարեկամական և եղբայրական կառավարությանը և ժողովրդին՝ Ղորբան տոնի կապակցությամբ և գնահատել Իսլամաբադի կառուցողական և պատասխանատու դերը տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու շարունակվող հակամարտությունների ու ճգնաժամերի դադարեցմանը ուղղված դիվանագիտական նախաձեռնություններին և ջանքերին աջակցելու գործում։
Փեզեշքյանն ընդգծել է իսլամական երկրների միջև շարունակական համագործակցության և համակարգման կարևորությունը՝ իսլամական աշխարհի կայունությունը, անվտանգությունը և ընդհանուր շահերը պաշտպանելու համար։
Պակիստանի վարչապետը Ղորբան տոնի կառիթով շնորհավորել է ԻԻՀ նախագահին, կառավարությանը և ժողովրդին և հույս հայտնել, որ ընթացող դիվանագիտական գործընթացները մոտ ապագայում կհանգեցնեն վերջնական, արդյունավետ և կայուն արդյունքների և կհարթեն տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդման ճանապարհը։
Կողմերն ընդգծել են Թեհրանի և Իսլամաբադի միջև պատմական, մշակութային և եղբայրական հարաբերությունների խորությունը, քննարկել երկկողմ համագործակցության զարգացման և խթանման ուղիները, մասնավորապես՝ տնտեսական, առևտրային, տարանցիկ և մաքսային ոլորտներում, և ընդգծել համատեղ համաձայնագրերի իրականացումը արագացնելու և առկա կարողությունները օգտագործելու անհրաժեշտությունը՝ նրանց միջև հարաբերությունները ընդլայնելու համար։