Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր․ Իրանի ժողովրդի դիմադրությունը ձախողեց թշնամիների պատերազմի ծրագիրը
Իրանի խորհրդարանում Սպահանի և Հարավային Իրանի ներկայացուցիչ Գեղարդ Մանսուրյանը, անդրադառնալով վերջին պատերազմում Իրանի ժողովրդի դիմադրությանը, ընդգծել է, որ ազգային համախմբվածության պահպանումն ու հասարակական լավատեսության ամրապնդումը երկրի կարևորագույն առաջնահերթություններից են։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Մանսուրյանը Սպահան նահանգի վարչական խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Իսրայելը, ինչպես նաև նրանց անվտանգության և ռազմական կառույցները տարիներ շարունակ ծրագրել ու ներդրումներ են կատարել պատերազմի համար, սակայն Իրանի ժողովուրդը դիմադրության և տոկունության շնորհիվ, պատվով դուրս եկավ այդ պատերազմից։
Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը, ընդգծելով հասարակության շրջանում հույսը պահպանելու անհրաժեշտությունը, նշել է, որ իշխանությունները պետք է ամրապնդեն հատկապես երիտասարդների ոգին և հանրային վստահությունը՝ թույլ չտալու համար, որ տնտեսական խնդիրներն ու գների աճը ապագայի նկատմամբ հուսահատություն առաջացնեն։
Մանսուրյանը շեշտել է․ «Վստահությամբ կարելի է ասել, որ Իրանի ժողովուրդը այս պայքարում հաղթելու է»։