Չաբահարը՝ տարածաշրջանի տարանցիկ ուղիների մրցավազքում Իրանի հաղթաթուղթը
Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները և այդ երկրի տնտեսական կապերի ընդլայնումը Կենտրոնական Ասիայի հետ, սրել են տարածաշրջանի տարանցիկ ուղիների շուրջ մրցակցությունը։ Այս պայմաններում Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգիստը կարող է դառնալ երկրի կարևորագույն աշխարհաքաղաքական և տնտեսական լծակներից մեկը՝ Կենտրոնական Ասիան բաց ծովերին կապելու համար։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Աֆղանստանի առևտուրը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 2025 թվականին կազմել է շուրջ 2,7 միլիարդ դոլար։ Քաբուլը նպատակ է դրել առաջիկա մի քանի տարիներին այդ ցուցանիշը հասցնել 10 միլիարդ դոլարի։ Այս միտումը մեծացնում է Կենտրոնական Ասիայի՝ Հնդկական օվկիանոս, Պարսից ծոց և Եվրոպա մուտքի ուղիների նշանակությունը և տարածաշրջանի երկրներին մղում մրցակցող միջանցքների ստեղծման։
Այս համատեքստում Չաբահարը ռազմավարական առավելություն է տալիս Իրանին, քանի որ Կենտրոնական Ասիայի երկրները կարող են, առանց Պակիստանի տարածքով անցնելու, Իրանի միջոցով հասնել Հնդկական օվկիանոս։ Նավահանգստի միացումը երկրի երկաթուղային ցանցին և Իրանի երկաթուղային ուղիների՝ Աֆղանստանի հետ կապի ավարտը կարող են Թեհրանին տարանցիկ ուղուց վերածել տարածաշրջանային տարանցման շղթայի ազդեցիկ դերակատարի։
Չինաստան–Ղրղզստան–Տաջիկստան–Աֆղանստան–Իրան միջանցքի իրագործման դեպքում հնարավոր կլինի Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապել Չաբահար և Բանդար Աբբաս նավահանգիստների, այնուհետև Թուրքիա և Եվրոպա տանող արևմտյան երթուղիների հետ։ Այս ուղին կարող է բարձրացնել Իրանի դիրքը Եվրասիայի տրանսպորտային ցանցում։