Մոհսենի Էժեի. Իրանը միակ երկիրն է, որը դիմակայել է ԱՄՆ-ին
Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին հայտարարել է, որ Իրանը միակ երկիրն է, որը դիմակայել է ԱՄՆ-ին և չի ենթարկվի ճնշման ու բռնության։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հղում անելով IRIB-ին, Մոհսենի Էժեին Հնդկաստանի իսլամական հոգևորականների և տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված գործողություններին, Մինաբ քաղաքի «Շաջարե Թայեբե» դպրոցի վրա հարձակումը որակել է որպես բացահայտ ռազմական հանցագործություն։
Նա նշռլ է, որ դպրոցի երեխաները սպանվել են այնպես, որ նրանցից շատերի մարմիններն անգամ հնարավոր չի եղել նույնականացնել, և ընտանիքները ստիպված են եղել ԴՆԹ թեստերի միջոցով ճանաչել իրենց երեխաներին։
Մոհսենի Էժեին նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հարձակումների թիրախ են դարձել նաև տասնյակ դպրոցներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ, ինչպես նաև ազգային և կրոնական ենթակառուցվածքներ։
Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ քաղաքացիական օբյեկտները հատուկ պաշտպանություն ունեն միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում, իսկ դրանց վրա հարձակվելն արգելված է։
Անդրադառնալով Գազայում Իսրայելի ռեժիմի գործողություններին՝ Իրանի դատական իշխանության ղեկավարը նշել է, որ եթե միջազգային կազմակերպությունները ժամանակին հակազդեին Գազայի բնակչության դեմ իրականացվող լայնածավալ հանցագործություններին, ապա այսօր ագրեսորները չէին համարձակվի հարձակվել այլ երկրների վրա։
«Միջազգային հանրության անտարբերությունը պայմաններ է ստեղծում այս հանցագործությունների կրկնության համար», - ասել է նա։
Մոհսենի Էժեին ընդգծել է, որ Իրանը տեսել է գերտերությունների դեմ 48-ամյա պայքարի արդյունքները և հավելել, որ երկիրը խաղաղասեր է, արդարության կողմնակից և չի ենթարկվի ճնշման ու բռնության։