Իրան․ Եմենի խնդիրների լուծումն անհնար է շրջափակման շարունակմամբ և ռազմական դաշնակիցների ձեռքբերմամբ
-
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Pars Today — Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մի հայտարարությամբ ընդգծել է Եմենի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև այդ երկրի ապօրինի և անմարդկային շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով IRIB գործակալությանը, Իրանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը՝ հարգելու Եմենի անկախությունը, ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և դադարեցնելու այդ երկրի ապօրինի ու անմարդկային շրջափակումը։ Անկասկած, Արևմտյան Ասիայի և Կարմիր ծովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը հնարավոր չէ ապահովել՝ առանց հարգելու Եմենի մեծ ժողովրդի օրինական իրավունքներն ու արժանապատվությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է․ «Այն, ինչ ներկայում տեղի է ունենում Եմենում, չի կարելի անջատ դիտարկել վերջին ավելի քան մեկ տասնամյակի զարգացումներից։ Եմենի մեծ ու արժանապատիվ ժողովուրդը, որը փառավոր և պատմական քաղաքակրթության ժառանգորդն է և միշտ վճռորոշ ու պատվաբեր դեր է ունեցել տարածաշրջանի ու աշխարհի պատմության մեջ, իրավունք ունի ապրել արժանապատիվ կյանքով՝ զերծ ճնշումից, ահաբեկումից և դաժան շրջափակումից, իսկ նրա ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվեն»։
Հայտարարության մեջ նաև նշվում է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, ընդգծելով իսլամական աշխարհի շահերին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, հատկապես այն պայմաններում, երբ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը բախվում է Իսրայելի ռեժիմի աննախադեպ չարագործություններին, անարդարությանը և էքսպանսիոնիզմին՝ ԱՄՆ-ի մեղսակցությամբ, հիշեցնում է, որ Եմենին առնչվող խնդիրների լուծումն անհնար է շրջափակման շարունակմամբ և ռազմական դաշինքներ ձևավորելով»։
Հայտարարության վերջում ասվում է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է համաձայնեցված ճանապարհային քարտեզի հիման վրա երկխոսությունն անհապաղ վերսկսելու և դրա դրույթներն իրականացնելու անհրաժեշտությունը և պատրաստ է այս ուղղությամբ ցուցաբերել ցանկացած հնարավոր աջակցություն»։