Իրանի բանակի խոսնակ. «Մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի»
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի խոսնակը, ընդգծելով զարգացումների և սպառնալիքների շարունակական մշտադիտարկումը, հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը մշտապես կատարելագործում են իրենց պաշտպանական կարողությունները և պատրաստ են ցանկացած իրավիճակի։
Pars Today-ը, վկայակոչելով IRNA-ին, հաղորդում է, որ բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան, անդրադառնալով ընթացող պատերազմի պայմաններում հակառակ կողմի հաշվարկներին, նշել է, որ հակառակորդը սխալ հաշվարկի արդյունքում ենթադրում էր, թե կարող է մի քանի օրվա ընթացքում ոչնչացնել Իրանի զինված ուժերի կարողությունները և հասնել իր նպատակներին։ Սակայն ԶՈւ-ի դիմադրությունն ու ժողովրդի տոկունությունը խափանեցին այդ հաշվարկները։
Նրա խոսքով՝ հակառակ կողմի նպատակները չեն սահմանափակվել միայն միջուկային և հրթիռային ծրագրերով ու Դիմադրության ճակատով։ Դրանց թվում են եղել նաև Իսլամական Հանրապետության իշխանության փոփոխությունն ու Իրանի մասնատումը, սակայն այդ նպատակներից որևէ մեկը չի իրականացվել։
Իրանի բանակի խոսնակը երկրի դիմադրության հիմնական գործոններից է համարել զինված ուժերի հավատքը, մոտիվացիան և դիմադրողական ոգին, ինչպես նաև ժողովրդի աջակցությունը։ Նա նշել է, որ հասարակության մասնակցությունը հանրային հավաքներին նպաստում է երկրի պաշտպանների ոգու ամրապնդմանը։
Աքրամինիան անդրադարձել է նաև ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ այդ երկրի նախագահը մի կողմից բախվում է Իսրայելին աջակցող շրջանակների ճնշմանը՝ Իրանի դեմ նոր գործողություններ իրականացնելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ներսում պատերազմի դեմ առկա հակազդեցությանը։ Նրա խոսքով՝ այս հանգամանքները բարդացրել են ԱՄՆ կառավարության որոշումների կայացման գործընթացը։