Իրանը քննադատել է ՄԱԿ-ի լռությունը
Շաբաթ օրը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ և դեսպան Ղոլամհոսեյն Դեհղանին կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած բողոքի նոտաներում նշել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր վրա է վերցրել անցած հինգշաբթի օրն Իրաքում ուխտավորների դեմ իրականացված արյունալի հարձակման պատասխանատվությունը: «Իրանի կառավարությունն ու ժողովուրդն իրենց ամբողջ ջանքն ի գործ են դնելու` ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբերի ոչնչացման ուղղությամբ». ասված է բողոքի նոտաներում:
Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Դեհղանին ընդգծել է, որ Իրանը ՄԱԿ-ից ակնկալում է դատապարտել հարձակումը: Նա Անվտանգության խորհրդից պահանջել է իրագործել ահաբեկչության դեմ պայքարի իր առաքելությունը:
«Ահաբեկչական վերջին դեպքը և Սիրիայում, Իրաքում ու աշխարհի այլ կետերում հազարավոր անմեղ մարդկանց կյանքը խլած նման այլ հարձակումներ, հիշեցնում են ահաբեկչութան դեմ պայքարում ազդեցիկ քայլեր ձեռնարկելու մեր պատասխանատվության մասին»,- նշված է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի ու ներկայացուցչի նոտայում:
Անցած հինգշաբթի օրը Բաղդադի հարավում՝ Բաբել նահանգի կենտրոն Ալ-Հելե քաղաքի «Ալ-Շումլի» տարածքի մի բենզալցակայանում վառելիք փոխադրող ավտոմեքենայի պայթյունի հետևանքով նահատակվեցին ու վիրավորվեցին շուրջ 100 ուխտավորներ:
Զոհերի մեծ մասն իրանցի ուխտավորներ էին:
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: