Իրանի ու Վենեսուելայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է. «Թեհրանը վճռակամ է պաշտպանել շուկայի կայնությունն ու նավթի գների հավելումը»:
ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռոհանին անդրադառնալով նավթի գների հավելման և շուկայում կայունության շուրջ Թեհրանի ու Կարակասի սեղմ խորհրդակցություններին, ընդգծել է. «ՕՊԵԿ-ի անդամները Վիեննայում գումարված կազմակերպության 171-րդ նստաշրջանի ընդունած որոշումները 2017 թվականի առաջին վեցամսյակում իրագործելու ուղղությամբ ջանք պիտի գործադրեն »:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ կարևոր տեղ է գրավում Լատինական Ամերիկան, այդ թվում՝ Վենեսուելան:
Վենեսուելայի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Վիեննայի նիստում նավթ արտադրող երկրների միջև կայացած համաձայնությունը բոլոր անդամների համար հաղթանակ էր և առաջիկա ամիսների ընթացքում երևան կգան դրա ձեռքբերումները»:
ՕՊԵԿ-ի անդամները նոյեմբերի 30-ին Վիեննայում գումարած 171-րդ նստաշրջանում համաձայնեցին 2017 թվականի սկզբից վեցամսյա ժամանակաշրջանով օրական մեկ միլիոն 200 հազար բարել կրճատելով իրենց արտադրությունը, կազմակերպության ընդհանուր արտադրաչափը պահել օրական 32 միլիոն 500 բարելի սահմաններում: