Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Կահիրեի եկեղեցում տեղի ունեցած պայթյունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ դարձած Կահիրեի «Ալ-Աբբասիա» տարածքում գտնվող եկեղեցում տեղի ունեցած պայթյունը և ցավակցել է զոհերի հարազատներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի օրն ասել է. «Կրոնական ու պաշտամունքային վայրերը հարձակման ենթարկելը հակասում է բոլոր կրոնների չափանիշներին և քննադատելի է»:
«Ահաբեկիչները Ս. Ծննդյան տոների սեմին քրիստոնյաների դեմ նման հարձակում իրականացնելով կրկին անգամ ապացուցեցին, որ սանձարձակ ահաբեկչությունը սահման, ազգություն ու կրոն չի ճանաչում»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Ղասեմին ընդգծել է. «Ահաբեկչության դեմ պայքարում բոլոր ժողովուրդներն անկախ իրենց ազգային ու կրոնական պատկանելիությունից պիտի միավորվեն»:
Կիրակի առավոտյան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի «Սանթ Մարք» ղպտի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ:
Համաձայն Եգիպտոսի առողջապահության նախարարության տարածած հայտարարության, այս պայթյունի հետևանքով մինչ այժմ զոհվել է 23 և վիրավորվել 49 մարդ:
Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մորսիի պաշտոնազրկումից հետո զինված անձինք բազմիցս հարձակման թիրախ են դարձրել Եգիպտոսի անվտանգության ու ոստիկանության ուժերի աշխատակիցներին, որի հետևանքով այդ ուժերը մեծ կորուստ են ունեցել: