Իրանը քայլ առ քայլ դեպի ընտրություններ
Այսօր ԻԻՀ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման չորրորդ օրն է: Վիճակագրական տվյալների համաձայն` թեկնածուների գրանցման երրորդ օրվա ավարտին արձանագրվեցին 357 թեկնածուներ: Նկատի առնելով նախկին օրերի ընթացքում արձանագրվածների տվյալները, թեկնածուների թիվը գերազանցել է 600 հոգին:
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների գրանցումը սկսվեց անցած երեքշաբթի օրը՝ Թեհրանում գտնվող ընտրությունների շտաբում և տևելու է մինչև շաբաթ՝ ապրիլի 15-ը: Կանխատեսումների համաձայն մինչև գրանցման ժամկետի ավարտը մնացած երկու օրերի ընթացքում գրանցվելու են առավել հայտնի թեկնածուները:
Ժողովրդի ձայներին դիմելն իսլամական Իրանում ժողովրդավարության դրսևորման միջոցներից է, որն իրականացվեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից ընդամենն ամիսներ անց՝ 1979 թվականի ապրիլին՝ իրանական 1358 թվականի ֆարվարդին ամսվա 12-ին կայացած հանրաքվեի ընթացքում Իսլամական հանրապետության համակարգին ժողովրդի տված կողմ ձայնով: Այնուհետև միջին հաշվով ամեն տարի մեկ ընտրություն է կայացել Իրանում: Ժողովրդավարության այս ընթացքի շարունակվելն ի ցույց է դրել համակարգի հիմնական կառույցների ու մարմինների ձևավորման գործին ժողովրդի բերած մասնակցությունը:
Շուրջ մեկ ամիս հետո Իրանի ժողովուրդը մասնակցելու է ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունների 5-րդ շրջանի ընտրություններին: Ընտրությունները նախատեսված են մայիսի 19-ին:
ԻԻՀ նախագահը, որպես գործադիր իշխանության ղեկավար, երկրի գործադրական հարցերի կառավարման ուղղությամբ կարևոր պատասխանատվություն է կրում: Այդ պատճառով էլ այս պաշտոնի համար արժանավոր անձի ընտրությունը կարևոր իրադարձություն է համարվում:Եվ նախագահական ընտրությունների ժամանակ, մյուս ընտրությունների համեմատությամբ, ակտիվությունն ավելի մեծ է: Ընտրական այս եռուզեռը նկատելի է երկու տեսակետից: Դրա մի կողմում կանգնած է ժողովուրդը, այսինքն նրանք՝ ովքեր իրենց ձայներով որոշում են երկրի ճակատագիրը: Սակայն մյուս կողմում նրանք են, ովքեր իրենց թեկնածությունն են ներկայացնում: Սա կարելի է ընտրությունների կայացման ուղղությամբ վերցված առաջին քայլը համարել, ինչն արժանացել է ներքին ու արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությանը: Իրանի ընտրական օրենսգրքի համաձայն` այս կարևոր պաշտոնի համար իրենց թեկնածությունը ներկայացնող անձինք պիտի լինեն կրոնական ու պետական այրեր և պիտի ունենան գործադիր աշխատանքի ու կառավարման փորձ և այս կարևոր պատասխանատվությունն ստանձնելու համար անհրաժեշտ կարողություն: Հետևաբար արձանագրված հարյուրավոր անձանց միջից վերջնական արժանավոր թեկնածուների ընտրության պարտականությունը վստահված է Պահապան խորհրդին: Այս գործընթացում, անշուշտ կարևորն ընտրության սկզբունքն է, որը ուշադրության է առնվել ու ընդգծվել է Իրանի Սահմանադրության 6-րդ հոդվածում ու ընդհանուր սկզբունքներում: ԻԻՀ համակարգում ընտրությունը քաղաքացիական իրավունք լինելուց բացի նաև պարտականություն ու պատասխանատվություն է համարվում: Այս հիման վրա Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի դիտանկյունից ընտրություններում կարևորվում են երկու հարցեր: Նախ ընտրություններին մասնակցելը և ապա ճիշտ ընտրություն կատարելն ու արժանավոր թեկնածուներին ձայն տալը: