Ընդլայնվում են Իրան-Թուրքիա ռազմական համագործակցությունները՝ Էրդողանը Թեհրան կուղևորվի
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել է. «Իրանի ու Թուրքիայի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է»:
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ զորավար Մոհամմեդ Բաղերին չորեքշաբթի գիշեր Անկարայում Թուրքիայի զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումից հետո Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է. «Երկու երկրները վճռակամ են ընդլայնել բոլոր բնագավառներում և հատկապես ռազմական ու պաշտպանական ոլորտներում հարաբերությունները»:
«Թուրքիայի ռազմական և անվտանգության ոլորտի պաշտոնատարների հետ զրույցի ժամանակ, ռազմական ու ապահովական ոլորտներում համագործակցության ընդլայնման, սահմանային համատեղ համագործակցության, ինչպես նաև ռազմական այլ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց»,-հավելեկ է զորավար Մոհամմեդ Բաղերին:
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել է. «Թեհրանն ու Անկարան նաև համաձայնել են ուսումնական ու հետազոտական ոլորտներում համագործակցություն ունենալ և առավել քան երբևէ, ուշադրություն ցուցաբերել ուսանողների փոխանակմանը, ռազմանավերի միմյանց երկրներ մեկնելուն, ինչպես նաև երկու երկրի զորավարժություններին դիտորդներ գործուղելուն»:
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադառնալով Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանն, ասել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ապագայում Իրան կայցելի և քաղաքական, տնտեսական, մշակութային ու ռազմական բնագավառներում հարաբերությունների ընդլայնման նպատակով կգումարվի համատեղ ռազմավարական հանձնաժողովի նիստը»: