Ղասեմի. Անհրաժեշտության դեպքում Իրանը կօգտվի արտասահմանյան օժանդակություններից
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասաց. «Իրանի արևմտյան տարածքներում երկրաշարժից տուժածների համար այլ երկրներից ու միջազգային կազմակերպություններից օժանդակություններ ստանալու կապակցությամբ Իրանի պատասխանատու պաշտոնատարները դեռ որևէ որոշում չեն ընդունել»:
Բահրամ Ղասեմին երկուշաբթի երեկոյան արտասահմանցի պաշտոնատարների հայտնած ցավակցության և Իրանի արևմտյան տարածքներում երկրաշարժից տուժածների համար օժանդակություններ առաքելու պատրաստակամության մասին ասաց. «Բազմաթիվ երկրների պաշտոնատարներ ու ԱԳ նախարարներ ու նաև տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի ու ԵՄ-ի դեսպաններ հեռախոսային կապերի, պաշտոնական նոտաների կամ մամլո հաղորդագրության միջոցով ցավակցել են Իրանի ժողովրդին ու կառավարությանը»:
«Բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների պաշտոնատարներ օժանդակություններ առաքելու պատրաստակամություն են հայտնել, որի կապակցությամբ ԻԻՀ-ի կառավարության ու ժողովրդի անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: