Նաղավի Հոսեյնի. «ՀԳՀԾ-ն բանակցության ենթակա չէ»
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է. «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերստին բանակցության ենթակա չէ և ԱՄՆ-ն իրավունք չունի միակողմանիորեն սկսել այդ բանակցությունները»:
«Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում, Սեյյեդ Հասան Նաղավի Հոսեյնին «5+1» խմբի հետ Իրանի միջուկային համաձայնության մասին ասել է. «Ամերիկացիները ցանկանում են մի կողմից վերջ դնել ՀԳՀԾ-ին, իսկ մյուս կողմից ցանկանում են դուրս գալ այդ համաձայնությունից և միևնույն ժամանակ չեն ցանկանում վճարել իրենց այդ քայլի ծախսերը»:
«Ամերիկացիները գիտեն, որ ՀԳՀԾ-ն դադարեցնելու կամ նրանից դուրս գալու դեպքում իրենց միջազգային հեղինակությունն են հարցականի տակ դնում, քանի որ այդ երկրի դաշնակիցներն այլևս չեն վստահելու վերջինիս». ասել է Նաղավի Հոսեյնին:
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը նկատել է.«ԱՄՆ-ը նախապայմաններ է սահմանել Իրանի պաշտպանական ոլորտի համար, մինչդեռ ոչ մի երկիր չի կարող որոշումներ ընդունել ԻԻՀ-ի պաշտպանական հարցերի վերաբերյալ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային համաձայնությունը միայն ԻԻՀ-ի շահերն է սպասարկում: Նա պահանջել է փոփոխություններ մտցնել ՀԳՀԾ-ում՝ որպեսզի ապահովվի նաև Վաշինգտոնի շահերի լիակատար իրացումը: