Վելայաթի․ «Ճապոնիան հատուկ նշանակություն ունի Իրանի համար»
Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է. «Ճապոնիան հատուկ նշանակություն ու տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար»: Այս մասին հայտնել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Այսօր Թեհրանում Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Տակեո Մուրիի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ երկու երկրները դրական հարաբերություններ ունեն, Ալի Աքբար Վելայաթին հույս է հայտնել, որ Մուրիի Թեհրան կատարած այցը կլինի կառուցողական ու արժեքավոր և կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը:
Հանդիպման ժամանակ Տակեո Մուրին իր հերթին Ճապոնիայի պատրաստակամությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու համար:
«Ես այցելել եմ Թեհրան խորհրդակցելու ԻԻՀ հետ տնտեսական ու տեխնիկական ոլորտներում համագործակցությունների մակարդակը բարձրացնելու համար»․ ասել է նա:
Ճապոնիայի փոխարտգործնախարարը Թեհրանում նաև հանդիպել ու բանակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Սեյյեդ Աբբաս Էրաղչիի հետ: