ԻԻՀ առաջնորդ.«Սիրիայի վրա հարձակումը ոճրագործություն է. ԱՄՆ-ը անշուշտ կպարտվի»
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա իրականացված հարձակումը ոճրագործություն է որակել: Կեղծ համարելով քիմիական զենք օգտագործելու կապակցությամբ նրանց հայտարարությունը, գերապատիվ առաջնորդն ընդգծել է.«Իսլամական հանրապետությունն կրկին կանգնելու է Դիմադրության խմբերի կողքին և ԱՄՆ-ն էլ անշուշտ տարածաշրջանում հետապնդած նպատակների իրականացման հարցում ձախողվելու է»:
Այսօր առավոտյան Իրանի համակարգի մի խումբ պատասխանատուների, Իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներին և Բրիտանիայի վարչապետին ոճրագործ է անվանել: «Ամերիկացիներն՝ ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, այնպես էլ Սիրիայում նման ոճիրներ գործելուց չեն շահելու»․ ընդգծել է նա:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով՝ ԱՄՆ-ի ու որոշ արևմտյան երկրների վերաբերմունքը բխում է նրանց գաղութարարական ու միջազգային բռնապետական նպատակներից: «Իհարկե բռնապետները աշխարհի ոչ մի կետում հաջողություն չեն կարող ունենալ, իսկ ԱՄՆ-ը ձախողվելու է տարածաշրջանում հետապնդած նպատակների իրականացման հարցում»:
«Ամերիկացիների թիրախում միայն Սիրիան, Իրաքն ու Աֆղանստանը չեն, նրանք ձգտում են հարված հասցնել մուսուլման ժողովուրդներին ու իսլամին, հետևապես իսլամական պետությունները չպետք է ծառայեն ԱՄՆ-ի և որոշ ագրեսոր արևմտյան երկրների նպատակներին»․հավելել է Այաթոլլահ Խամենեին:
Նա հստակեցրել է.«Սիրիայում և արևմտյան Ասիայում Իրանի ներկայության պատճառը՝ բռնության դեմ պայքարող Դիմադրությանը աջակցելն է։ Դիմադրության ճակատը աջակիցների օգնությամբ ու սիրիացի քաջարի ուժերի շնորհիվ կարողացավ պարտության մատնել ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ստեղծված ահաբեկիչներին»:
«Որտեղ որ բռնահարվածին օգնելու կարիք զգացվի, ԻԻՀ-ը ներկա կլինի այնտեղ»․ նշել է մեծարգո առաջնորդը՝ գնահատելով Պաղեստինյան հարցը հովանավորելու Իրանի իսլամական հանրապետության սկզբունքի փիլիսոփայությունը:
«Պաղեստինի ժողովուրդը դիմադրության շնորհիվ այսօր դարձել է հզոր Պաղեստին: Անտարակույս պաղեստինցիները կհաղթեն սիոնիստներին և Պաղեստինյան տարածքները կվերադարձվեն նրա ժողովրդին»․ասել է Այաթոլլահ Խամենեին: