Պուտինն ուրբաթ օրը կուղևորվի Իրան
Կրեմլի պալատը երկուշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ՝ սեպտեմբերի 7-ին, կուղևորվի Թեհրան:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Կրեմլի պալատն այս հաղորդագրության մեջ նշել է. «Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նիստում քննարկվելու են Սիրիայում իրավիճակի բարելավման ուղիները»:
«Երեք երկրների ղեկավարները քննարկելու են միջազգային ահաբեկչության կիզակետը վերջնականապես արմատախիլ անելու, քաղաքական կարգավորման գործընթացի առաջընթացի և հումանիտար հարցերի կարգավորման, այդ թվում սիրիացի տարագիրների իրենց հայրենիք վերադառնալու պայմանների ապահովման նախաձեռնությունները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Աստանայի գործընթացը երաշխավորող երեք երկրների ղեկավարների առաջին նիստը 2017 թվականի նոյեմբերի 22-ին ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանու, Վլադիմիր Պուտինի ու Ռեջեբ Թայիբ Էրդողանի մասնակցությամբ գումարվեց Ռուսաստանի Սոչի քաղաքում:
Այս ձևաչափով երկրորդ նիստը 2018 թվականի ապրիլի 4-ին գումարվեց Անկարայում: Այդ նիստի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների երրորդ նիստը գումարվի ԻԻՀ-ի հյուրընկալությամբ, Թեհրանում:
Այս նիստն ուրբաթ՝ սեպտեմբերի 7-ին գումարվելու է Թեհրանում: