Ապրիլ 30, 2024 18:54 Asia/Tehran
  • Հայաստանը դեմ է Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը թիրախավորելուն. Միրզոյան

Հայաստանը դեմ է Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera» լրատվամիջոցին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Երևանը հետևում իսրայելական պատերազմին Գազայի հատվածում և որո՞նք են դրա հետևանքները:

«Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավորմանը. մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100,000 հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը։ Վերջերս մենք հումանիտար օգնություն ուղարկեցինք Գազա,  որպեսզի օգնենք թեթևացնել այն մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում»,–ասել է Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Բացի այդ, մենք պատրաստ ենք աջակցել մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր ժառանգությանը. մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի»,–նշել է նա։

Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ–ն ցանկանում է, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և ռազմական գործողություններն ավարտվեն, և եթե պաշտոնական Երևանը կարող է օգնել այս համատեքստում, ավելի քան պատրաստ է։

 

Պիտակ