Ինչու է Իրանը հովանավորում Պաղեստինին
Կիրակի օրը, Պաղեստինի խորհրդարանի արտաքին գործերի և քաղաքական հանձնաժողովի նախագահ Մահմուդ Ալ-Զահարը և նրան ուղեկցող պատվիրակությունը, հանդիպում են ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Պաղեստինի ժողովրդի ճակատագրի հետ կապված կարևոր հարցեր, որոնք Իրանի արտաքին քաղաքականության առանցքն են հանդիսանում:
Իրանի տեսանկյունից իսլամ աշխարհի կարևորագույն առաջնահերթությունն է Պաղեստինի իդեալների հովանավորումը և սրբազան Երուսաղեմի ազատագրումը: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հավաստիացրել է, որ իսլամ աշխահի համար գլխավոր սպառնալիք համարվող Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում շեղում առաջացնող ցանկացած քայլ, աշխարհի մուսուլմանների նկատմամբ դավաճանություն է համարվում:
Ցավ հայտնելով Պաղեստինի խորհրդարանի լուծարման կապակցությամբ, Իրանի արտգործնախարարն այդ քայլը ժողովրդավարության դեմ է համարել, որը կարող է չարաշահվել սիոնիստների կողմից: Զարիֆը կարևորել է Պաղեստինի ժողովրդի միասնությունը Դիմադրության առանցքի շուրջ:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի կողմից Պաղեստինի խորհրդարանի լուծարման վտանգավոր հետևանքների մասին հաղորդագրություն տարածելով, Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը հայտարարել է. «Միակ օրինական քայլը զինյալ պայքարն է, որը հովանավորվում է ժողովրդի կողմից և այդ քայլին հակասող ցանկացած գործողություն ձախողելու է և ավերիչ ազդեցություն է թողնելու պաղեստինցիների միջև տարաձայնությունների վրա»:
Ցավոք իսլամ աշխարհում պառակտիչ քաղաքականությունները Պաղեստինի հարցի նկատմամբ զգայունության թուլացման պատճառ են դարձել: Այդ քաղաքականությունները միտված են համագործակցել իսլամ աշխարհի թշնամիների հետ և տկարացնել Դիմադրության ճակատը: Վերջին տարիների ընթացքում հաշտության գործընթացը ձգտել է իրագործել «Դարի մեծ գործարք» նախագիծը և վերադարձը 1967 թ. սահմաններին:
Այս տարիների ընթացքում, Դիմադրության շարժումը դեմ է կանգնել Իսրայելին և թույլ չի տվել, որ Սիոնիստական ռեժիմն իրագործի իր չար նպատակները:
Կիրակի օրը, Թեհրանում Պաղեստինի խորհրդարանի արտաքին գործերի ու քաղաքական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իսլամ աշխարհի ժողովուրդները չնայած որոշ տարաձայնություններին, պետք է միավորվեն Պաղեստինին աջակցելու առանցքի շուրջ, որպեսզի կանխվեն չարաշահումները, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է.«Ցավոք այսօր Դիմադրությանը ցուցաբերվող ընդդիմությունն իրականանում է Իսլամ աշխարհի ներսում»:
Տարածաշրջանի զարգացումները վկայում են այն մասին, որ ոմանք ձգտում են Պաղեստինի ժողովրդի և Երուսաղեմի ապագան զոհել մի շարք արաբական պետությունների քաղաքական գործարքներին ու հաշվարկներին:
ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն, Դիմադրությունը օրինական շարժում է զավթիչների նկատմամբ: Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունն է բռնակալներից պաշտպանել խեղճին ու իրավազրկվածին: Թեհրանում Պաղեստինի խորհրդարանի անդամների հետ հանդիպման ժամանակ, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ու արտգործնախարարը կարևորել են այդ կետը: