Իրան-Իրաք համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության օգտին է
Բաղդադ կատարած մեկօրյա այցի ընթացքում, ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյանեն Իրաքի բարձրաստիճան պաշտոնատարների հետ խոսել է երկկողմ հարաբերությունների, հատկապես՝ էներգետիկա ոլորտում համագործակցության շուրջ:
Հինգշաբթի առավոտյան, Իրանի նավթի նախարարը Բաղդադ է ժամանել: Իրաքի նախագահի, վարչապետի և նավթի նախարարի հետ Զանգյանեի հանդիպման ժամանակ քննարկվել են նավթի ու գազի ոլորտում կնքված համաձայնագրերը և խոսվել է Իրաքի նավթային նախագծերում իրանական ընկերությունների ներկայության մասին:
Հինգշաբթի երեկոյան, ԻԻՀ նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ասել է.«Թեհրան-Բաղդադ հարաբերությունների ընդլայնումը տարածաշրջանի անվտանգության ու կայունության օգտին է»: Հանդիպման ժամանակ, Զանգյանեն գոհունակություն է հայտնել տարբեր ոլորտներում Իրան-Իրաք հարաբերությունների որակի ու մակարդակի կապակցությամբ և ԻԻՀ պատրաստակամությունն է հայտնել այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
ԻԻՀ-ը միացյալ ու հզոր Իրաքի կողմնակից է: Այն օրերին, երբ ԻԼԻՊ-ը սպառնում էր Իրաքում ապրող բոլոր ազգություններին, Իրանն այդ երկրի կենտրոնական կառավարությանն օգնեց վերացնել ԻԼԻՊ-ի վտանգը:
Բաղդադում Իրաքի դեսպան Իրաջ Մասջեդին ասել է.«Իրաքը Իրանից ավելի անկեղծ բարեկամ չի ունենալու: Իրանը բոլոր ոլորներում զարգացած ու հզոր Իրաք է ցանկանում և Թեհրանը ոչ մի օգնություն չի խնայելու այդ ուղղությամբ»:
Իրաքի հետ քաղաքական հարաբերություններն ընդլայնելով Իրանն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում Իրաքի ազգային ինքնիշանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ երկրի անվտանգությունն ու կայունությունը իրենն է համարում:
Դիվանագիտական ու սկզբունքային այս մոտեցումը, Իրան-Իրաք համագործակցությունների ընդլայնման է հանգեցրել և համագործակցության այս ձևը տարածաշրջանի կայունության ու խաղաղության օգտին է:
Իրանն ու Իրաքը ձգտում են առավել քան երբևէ զարգացնել տնտեսական հարաբերությունները: Իրանի ու Իրաքի հարևանությունն ու աշխարհագրական դիրքը դյուրացրել է երկու երկրի տնտեսական համագործակցությունը:
Իրանի ու Իրաքի ղեկավարները որոշել են երկու երկրի առևտրական փոխանակումների ծավալը բարձրացնել 20 միլիարդ դոլարի:
Ներկայումս այդ թիվը տարեկան 12 միլիարդ դոլար է կազմում: Այդ շրջանակում, չնայած ԱՄՆ-ի շրջափակումներին, Իրաքի պաշտոնատարները հայտարարել են, որ վճռակամ են Իրանի հետ ընդլայնել տնտեսական համագործակցությունը:
Շուրջ 10 օր առաջ, Բաղդադում լրագրողների հետ ասուլիսում, Իրաքի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ալի Ալ-Հաքիմն ասել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները միակողմանի են և ոչ թե միջազգային, հետևաբար Իրաքը պարտավոր չէ հարգել այդ որոշումը:
Չնայած ԱՄՆ-ի շրջափակումներին, Իրանն ու Իրաքը փորձում են տարբեր, հատկապես նավթի ու գազի ոլորտում ընդլայնել համագործակցությունը: Իրաքի արտգործնախարարի ասածով, տարբեր գործեղանակներ են առաջարկվել Իրանի հետ առևտրական կապերը շարունակելու համար, որոնցից է երկկողմ փոխանակումներում Իրաքի ազգային արժույթի՝ դինարի օգտագործումը: