Մամուլի տեսություն 1-8-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110024-Մամուլի_տեսություն_1_8_2019
Իրանցի գիտնականներն ավարտել են «Նահիդ» արբանյակի նախագիծը և շուտով այդ արդիական արբանյակը կհանձնվի Իրանի պաշտպանության նախարարությանն՝ ուղեծիր ուղարկելու համար:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 01, 2019 12:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 1-8-2019

Իրանցի գիտնականներն ավարտել են «Նահիդ» արբանյակի նախագիծը և շուտով այդ արդիական արբանյակը կհանձնվի Իրանի պաշտպանության նախարարությանն՝ ուղեծիր ուղարկելու համար:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Գերմանիան մերժել է ԱՄՆ-ին 

Գերմանական ԶԼՄ-ները գրել են, որ Բեռլինի  բացասական արձագանքը  Պարսից ծոցում ռազմածովային դաշինքին միանալու ԱՄՆ-ի առաջարկին, վկայում է Բեռլինի կողմից Վաշինգտոնի պահանջների մերժման մասին:

ԱՄՆ-ը Գերմանիային  պաշտոնապես կոչ է արել միանալ Հորմուզի նեղուցում նավթային տանկերը պաշտպանելու համար միջազգային կոալիցիային: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ Վաշինգտոնը 60 երկրների կոչ է արել միանալ կոալիցիային:

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ լարվածության մեղմացումը և դիվանագիտական ջանքերը Բեռլինի համար գերակայություն են, ընդգծելով, որ իր երկիրը մերժել է Պարսից ծոցում կոալիցիային միանալու ԱՄՆ-ի առաջարկը:

 

«Քեյհան» օրաթերթ

Բռնությունն ու  դաժանությունը չեն հարատևելու

Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից երկու երիտասարդների սպանությունից հետո, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը  Թուիթերում գրել է.«Բռնությունն ու դաժանությունը չեն հարատևելու և արդարատենչ ժողովուրդների որոշումն ու կամքը հաղթելու են»:

Ալե Խալիֆայի ռեժիմն անցած շաբաթ օրը  24-ամյա Ահմադ Ալ-Մալալիին և 25-ամյա Ալի Ալ-Արաբին, կտտանքների  ենթարկելուց հետո, մահապատժի ենթարկեց:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Իրանական «Նահիդ» արբանյակն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհանձնվի Իրանի պաշտպանության նախարարությանը

Իրանի կապի նախարարն ասել է, որ «Նահիդ 1» արբանյակի տիեզերական հետազոտողների աշխատանքներն ավարտվել են և հավանական է, որ արբանյակը մոտակա մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում կհանձնվի պաշտպանության նախարարությանը: Ապա, պաշտպանության նախարարության կողմից  փորձարկումների ցիկլն անցկացնելուց հետո, արբանյակը կուղարկվի  ուղեծիր:

Ազարի Ջահրոմին հավելել է. «Արբանյակի տեղադրումը ուղեծրում, կախված է Պաշտպանության նախարարության ջանքերից: Նախորդ երկու գործարկումների թերությունները շտկվել են և այժմ  հույս կա, որ արբանյակը ուղեծիր կուղարկվի»:

 

«Ջավան» օրաթերթ

ԱՄՆ--ի ոչ մի նախագահ պատրաստ չի լինի վերադառնալ ՀԳՀԾ-ին

ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհուրդը ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուին հարցրել է, թե նախագահ դառնալու դեպքում վերջինս կվերադառնա՞ ՀԳՀԾ-ին կամ փոփոխություն կկատարի միջուկային գործարքում: Միայն սենատոր Բեռնի Սանդերսն է հայտարարել է, որ առաջին իսկ օրը կվերադառնա ՀԳՀԾ-ին, սակայն նաև ընդգծել է, որ պետք է վերսկսել ՀԳՀԾ-ի պահպանման շուրջ բանակցությունները : 

 

«Համշահրի» օրաթերթ

5  րոպե տևողությամբ  ճանապարհ Չինաստանի և Ռուսաստանի միջև

Չինաստանը և Ռուսաստանը համատեղ ջանքերով, Ամուր գետի վրա կառուցել են  առաջին անդրսահմանային ճոպանուղին՝ Ռուսաստանի սահմանամերձ Բլագեևսկի քաղաքը կապելով Չինաստանի հարևան  Հի Հեյ քաղաքի հետ:

Այս ճոպանուղին հնարավորություն կտա Չինաստանի և Ռուսաստանի սահմանային երկու անցակետերի միջև ճանապարհն անցնել 5 րոպեից պակաս ժամանակում:

Այս ճոպանուղիով ուղևորությունը ճանապարհորդողների առջև  բացում է Ամուր գետի և Չինաստանի սահմանամերձ քաղաքների տեսարանը:

Ճոպանուղին կարող է  տեղափոխել մինչև 60 ուղևոր և նրանց ուղեբեռը:

 

tert.am

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է հետևել խոշոր տրամաչափի ռեակտիվ արկի փորձարկումներին և գոհ է մնացել արդյունքներից, գրում է lenta.ru-ն՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով:

«Թանկագին գերագույն առաջնորդը տպավորված է փորձարկումների արդյունքներից և հայտարարել է, որ այն ուժերը, որոնք կհայտնվեն այդ զենքի թիրախում, անխուսափելի տառապանքներ կունենան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ սպառազինությունը մշակվել է կարճ ժամանակահատվածում և «մեծ դեր կխաղա ապագա ցամաքային գործողություններում»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Փհենյանը հուլիսի 25-ին փորձարկումների ժամանակ փոքր հեռահարության երկու հրթիռ էր արձակել: Այս փորձարկումները Փհենյանը կատարել էր Սեուլի և Վաշինգտոնի՝ օգոստոսին համատեղ զորավարժությունների անցկացման պլանները չչեղարկելու ֆոնին, որոնք ԿԺԴՀ-ն դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

Հուլիսի 31-ին ԿԺԴՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ երկու նոր բալիստիկ հրթիռ էր արձակել: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չոն Գյոն Դուն հայտարարել էր, որ հրթիռները հաղթահարել են 240-ից 330 կիլոմետր հեռավորություն: Նրանց թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել էր 30 կմ։

 

armedia.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրազիլիան հայտարարել է Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցներից մեկը ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հրապարակված հաղորդագրությունում:

«Սույնով ես Բրազիլիան հայտարարում եմ Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցը ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս»,- ասվում է Թրամփի կարգադրությունում:Այդ կարգավիճակը դյուրացնում Է ամերիկյան սպառազինությունների ձեռքբերումը:

Ներկայում, Բրազիլիայից բացի, ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոր դաշնակից է ևս 16 երկիր՝ այդ թվում Ավստրալիան, Արգենտինան, Կորեայի Հանրապետությունը և Քուվեյթը:

 

aysor.am

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին, 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Մկրտչի Սողոյանը:  

Ֆրիդրիխ Սողոյանը ծնվել է 1936 թ. հոկտեմբերի 2-ին, Լենինականում։ 1961 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով: Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970 թ., Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում` Արևելքի մեծ իմաստասերների (1970 թ.) արձանները, Հայրենական պատերազմում (1941-45 թթ.) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ` ՀՀ-ում, Արցախում, Սամարղանդում և այլուր:

 

news.am

ՀՀ–ի և Չեխիայի միջև առկա է մեծ ներուժ փոխգործակցության ընդլայնելու համար. Դավիթ Տոնոյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Կոպեցկուն առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին համահունչ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն նաև պաշտպանության բնագավառում, այդ թվում նաև՝ ռազմատեխնիկական ոլորտում: Ընդգծվել է, որ այս տարվա ապրիլին Երևանում երկու պետությունների պաշտպանության նախարարների կողմից ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո առկա է մեծ ներուժ փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու համար:

Դեսպան Կոպեցկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտպանության ոլորտում համագործակցության բարձր գնահատականի համար և վստահեցրել, որ չեխական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել համագործակցությունը՝ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: