ԱՄՆ- Վրաստան ռազմական պայմանագրի ստորագրման շեմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110617-ԱՄՆ_Վրաստան_ռազմական_պայմանագրի_ստորագրման_շեմին
Վրաստանի Պաշտպանության նախարար Լուան Իզորիան հայտարարել է առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիր կնքելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2019 08:22 Asia/Tehran
  •  ԱՄՆ- Վրաստան ռազմական պայմանագրի ստորագրման շեմին

Վրաստանի Պաշտպանության նախարար Լուան Իզորիան հայտարարել է առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիր կնքելու մասին:

Վրաստանում ԱՄՆ-ի նոր ռազմական կցորդ Ստեֆանի Բեգլիի հետ հանդիպումից հետո, Իգորիան հայտարարել է. «Երկու երկրների միջև ռազմական համաձայնագիրը կնքվելու է առաջիկա օրերին՝ երեք տարի ժամկետով»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի կառավարությունն աջակցելով Վրաստանում ռազմական բարեփոխումների ծրագրի իրականացմանն, ընդգծել էր ՆԱՏՕ-ին այդ երկրի միանալու կարևորությունը: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունիսին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում բացվեց վրաց-ամերիկյան ռազմական պատրաստվածության կենտրոն: Հարավային Կովկասում և մասնավորապես Վրաստանում  ԱՄՆ-ի գործողությունները վկայում են այս տարածաշրջանում և մասնավորապես Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին ռազմաբազա հիմնելու ԱՄՆ-ի ջանքերի մասին:

Փորձագետների կարծիքով, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի գործողությունները վտանգավոր են այս տարածաշրջանների երկրների համար: Չնայած ՌԴ-ն մշտապես մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման կապակցությամբ, սակայն ամերիկացիները որևէ կերպ չեն արձագանքում նման հայտարարություններին: Ամերիկացի ռազմական պաշտոնյաների այս անտարբերությունը, կարող է բացասակայն հետևանքներ ունենալ Թբիլիսիի համար: Ամերիկացի ու ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյաների դեպի տարածաշրջան և Վրաստան կատարած բոլոր այցերի ժամանակ, Ռուսաստանի դեմ ուղղված քայլերը մշտապես եղել են բանակցությունների առանցքում: Հետևաբար, փորձագետները կարծում են, որ այս տարածաշրջանում  ԱՄՆ-ի քայլերի կապակցությամբ Ռուսաստանի մտահոգությունները բնական են: Չնայած Ռուսաստանի մտահոգություններին, Կովկասի տարածաշրջանի որոշ ռազմական փորձագետներ, լուրջ չեն վերաբերվում Վրաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ Ռուսաստանի բողոքներին: Որպես օրինակ, ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազար Ռաշիդօղլուն ասում է . «Վրաստանում  նախկին ռուսական ռազմաբազայում ամերիկյան ռազմակայան հիմնելու հարցին Ռուսաստանի կոշտ արձագանքը, կսահմանափակվի բանավոր հայտարարություններով»:

Եվ սա այն դեպքում, երբ Հարավային Օսիայում և Աբխազիայում Վրաստանի ռազմական գործողություններն արժանացել են Ռուսաստանի կոշտ արձագանքին և անուղղելի վնասներ հասցրել Թբիլիսիի կառավարությանը:

Ընդհանուր առմամբ, կարելի է  ասել, որ Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև  եռամյա ռազմական պայմանագրի ստորագրումը, ԱՄՆ-ին մեկ քայլ կմոտեցնի Ռուսաստանի հետ սահմաններին հակամարտություն հրահրելու քայլին: Իսկ Վրաստանը, որպես այս խաղի կարևոր  դերակատար, ոչ միայն այս գործողություններից օգուտ չի քաղելու, այլ նաև պետք է անհանգստանա այդ կապակցությամբ Ռուսաստանի հնարավոր արձագանքների համար:

Փաստն այն է, որ Սպիտակ Տան պաշտոնյաներն անում են հնարավոր ամեն ինչ՝ Վրաստանի ներքին գործերին միջամտելու և այդ երկրի արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերահսկելու և իրենց հայեցողությամբ առաջ տանելու համար: Հակառակ այս ամենին, Վրաստանի իշխող  քաղաքական գործիչները մեծ ցանկություն ունեն խորացնել իրենց հարաբերություններն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հետ և անդամակցել  ՆԱՏՕ-ին, ինչը սակայն, կարող է խորացնել այս երկրին հասցված վնասը: