Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանն աշնանը «Eternity-2026» հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին կանցկացնեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները: Դրա մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում: Դրա հետ կապված՝ Ադրբեջանում տեղի է ունեցել «Eternity-2026» զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը: Զորավարժություններին, բացի երեք երկրների զինծառայողներից, կմասնակցեն նաև Ադրբեջանի Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Զորավարժությունների ծրագիրը երեք երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցության ուղիների՝ մարտավարական մակարդակով պահպանության և պաշտպանության սցենար է նախատեսում:
Համաժողովի ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման ու նպատակները, միացյալ շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական դրվագները և կազմակերպչական այլ հարցեր: