Նեթանյահուն` անդնդի եզրին
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների ձայների ավելի քան 90 տոկոսի հաշվարկը վկայում է այն մասին, որ Բենիամին Նեթանյահուն հայտնվել է անդնդի եզրին և նոր վարչապետ ընտրվելու հնարավորություն կա:
Վերջին վեց ամիսների ընթացքում Իսրայելի երկրորդ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերի 17-ին: Դեռևս վերջնական արդյունքը չի հայտարարվել, սակայն ձայների 90 տոկոսի հաշվարկը վկայում է «Լիքուդ» կուսակցության մանդատները նվազելու և Բենիամին Նեթանյահուի պարտության մասին: Այս ընտրությունները մի քանի հիմնական տարբերություն ունեն ապրիլի 9-ին անցկացված նախորդ ընտրություններից:
Սույն թվականի ապրիլ ամսին անցկացված ընտրությունների արդյունքում «Լիքուդ» կուսակցությունը ստացել էր 36, իսկ «Կապույտ-Սպիտակ» դաշինքն 35 տեղ: Սակայն օրերս կայացած ընտրությունների ձայների 90 տոկոսի հաշվարկման արդյունքում «Լիքուդ» կուսակցությունը ստացել է 32, իսկ «Կապույտ-Սպիտակ» դաշինքը՝ 33 տեղ: Կարևոր հանգամանքն այն է, որ եբրայերեն լեզվով լույս տեսնող «Եդիոթ Ահրոնոթ» թերթը հայտարարել է, որ Գազայի հատվածին կից սիոնիստաբնակ ավաններում «Լիքուդ» կուսակցության ձայները զգալիորեն նվազել են, քանզի մարդիկ դժգոհ են այդ տարածքում տիրող լարվածության սրումից ու խառնաշփոթ իրավիճակից: Այլ խոսքով, Բենիամին Նեթանյահուի միլիտարիստական կողմնորոշումը բացասական արդյունք է ունեցել նրա և «Լիքուդ» կուսակցության համար և մարդիկ համոզվել են, որ Նեթանյահուն ոչ միայն չի կարող անվտանգություն հաստատել, այլև նա ինքը հանդիսանում է անապահովության պատճառը:
Ապրիլի 9-ին կայացած ընտրությունների հետ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների մյուս տարբերությունն այն է, որ «Միացյալ արաբական ցուցակ»-ի ձայները ավելացել են, որովհետև բռնագրաված տարածքներում արաբների մասնակցությունն ընտրություններին աճել է: Նախորդ ընտրություններին արաբների մասնակցությունը կազմել է 50, իսկ անգամ 60 տոկոս: Այսպիսով երրորդ տեղում է «Միացյալ արաբական ցուցակը», որի առաջնորդ Իմեն Ուդեն ասել է.«Ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ արաբները կկանխեն Բենիամին Նեթանյահուի վարչապետության ներքո ծայրահեղ աջամետ կառավարության ձևավորումը»:
Մյուս կետն այն է, որ Ավիգդոր Լիբերմանի գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ձայները ևս ավելացել են, մինչդեռ Լիբերմանն է եղել թե՛ 2018 թվականի նոյեմբերին Բենիամին Նեթանյահուի կառավարության փլուզման և թե նախորդ ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու հարցում Նեթանյահուի ձախողման պատճառը: Լիբերմանը հայտարարել է, որ եթե Նեթանյահուին հանձնարարվի կառավարություն ձևավորել, ապա ինքը կոալիցիա չի կազմելու նրա հետ:
Այդ իրավիճակը վկայում է այն մասին, որ Բենիամին Նեթանյահուն հայտնվել է անդնդի եզրին: Մի կողմից կարող է Սիոնիստական ռեժիմի նախագահը նրան չհանձնարարի կառավարություն կազմել: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Նեթանյահուն պետք է իր դեմ հարուցված կոռուպցիոն չորս դատական գործերի պատճառով միանգամից ուղևորվի դեպի բանտ: Մյուս կողմից եթե Նեթանյահուին հանձնարարվի կառավարություն ձևավորել, ընտրություններում ձեռք բերված արդյունքով կոալիցիոն կառավարության ձևավորումն ավելի բարդ կլինի քան նախորդ անգամ: Համենայնդեպս կառավարություն չձևավորվելու հավանականությունը շատ մեծ է: