Աստանայի գործընթացը՝ Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող ճգնաժամի կարգավորման միակ ուղին
Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի վերջին զարգացումները հերթական անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել են այս ռազմավարական տարածաշրջանի վրա։
Իդլիբ նահանգի մերձակա շրջաններում Սիրիայի բանակի արձանագրած հաջողություններն ու առաջընթացն իրականացել են օրենքի և այս երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու շրջանակներում, սակայն այդ շրջաններում Թուրքիայի բանակի տեղաշարժերը վկայում են Աստանայի գործընթացում և Սոչիում ձեռքբերված համաձայնություններից Անկարայի հեռու մնալու մասին։
Իրանի իսլամական հանրապետության նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ, 2017 թվականի հունվարին մեկնարկեցին Սիրիայի ճգնաժամի կարգավորման և այդ երկրում խաղաղության հաստատման հարցով բանակցությունները, որոնք հետագայում անվանվեցին Աստանայի գործընթաց։
Մինչ այժմ տարբեր օրակարգերի շրջանակներում նիստեր են կայացել ու քայլեր են արվել երեք երկրի նախագահների, ԱԳ նախարարների և տեղակալների մակարդակում ։
Չնայած Իդլիբի վերաբերյալ առկա տարաձայնություններին, Աստանայի գործընթացը կոնսենսուս է ստեղծել Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Այս երեք երկրների միջև ստեղծված կոնսենսուսն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում կայունության ու անվտանգության վերականգնմանը,նոր Սահմանադրություն մշակելուն և այդ երկրի տարածքային ամբողջականությունն պահպանելուն։
Աստանայի գործընթացում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստեղծված կոնսեսնուսը վկայում է բանակցությունների կարևորության մասին։ Եթե այն խափանվի, Սիրիայում ճգնաժամը կսրվի։
Իդլիբում Թուրքիայի վերջերս իրականացրած գործողությունները, այդ թվում Իդլիբի բնակչության կազմը փոխելու և այն Թուրքիային կցելուն ուղղված քայլերի պատճառով, Իրանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ Աստանայում և Սոչիում ձեռք բերված համաձայնությունների հարգումն Իդլիբում տիրող քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է, և Թուրքիայի կառավարության միակողմանի քայլերն ու համաձայնությունների խախտումը տարածաշրջանի շահերից չեն բխում։
Այս շրջանակում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրն ասել է․-«Աստանայի գործընթացը Սիրիայում բռնությունների էսկալացիան կանխելու, երկիրը դեպի կայունություն տանելու և ահաբեկչության դեմ պայքարելու միակ մեխանիզմն է»։
Հաշվի առնելով Իդլիբի վերջին զարգացումները, Աստանայի գործընթացի շրջանակում նոր հանդիպում է նախատեսվել Թեհրանում, որը կայանալու է Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։
Աստանայի գործընթացին զուգահեռ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողայի հետ հեռախոսազրույցում, առաջարկել է եռակողմ հանդիպում կազմակերպել Իրանի, Սիրիայի ու Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ։
Ռոհանիի խոսքերով՝ այդ հանդիպումը կօգնի Իդլիբի հարցի և այս ոլորտում առկա տարաձայնությունների կարգավորմանը։
Իրանը համոզված է, որ երկխոսությունը լավագույն միջոցն է Իդլիբի հարցով տարաձայնությունները կարգավորելու համար և Թուրքիայի միլիտարիստական քաղաքականությունը միմիայն կհանգեցնի տարածաշրջանի անկայունությանն ու անապահովությանը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այն հայտարարությունն առ այն, թե Դամասկոսը ոչ մի թշնամական քայլ թույլ չի տվել Թուրքիայի նկատմամբ և այսօր երկու երկրի միջև առկա տարաձայնություններն անտրամաբանական են, կարևոր ուղերձ է ուղղված թուրքերին, որպեսզի նրանք օգտվելով այս հնարավորությունից, ապացուցեն իրենց ազնվությունը և հարգելով Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կարգավորեն այս երկրի հետ իրենց տարաձայնությունները։