Մեկնաբանություն. ԱՄՆ-ում դեմոկրատների միավորվելը ավելի կբարդացնի Թրամփի հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119380-Մեկնաբանություն._ԱՄՆ_ում_դեմոկրատների_միավորվելը_ավելի_կբարդացնի_Թրամփի_հաղթանակը
Սենատոր Բերնի Սանդերսը սատարել է 2020թ․ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2020 15:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ում դեմոկրատների միավորվելը ավելի կբարդացնի Թրամփի հաղթանակը

Սենատոր Բերնի Սանդերսը սատարել է 2020թ․ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։

Վերմոնտ նահանգից սենատոր  Բերնի Սանդերսը, որ մինչև մի քանի օր առաջ պայքարում էր  Դեմոկրատական  կուսակցության  թեկնածության համար,  իր աներկբա աջակցությունն է հայտնել  նախկին փոխնախագահ Ջո Բայդենին` պնդելով, որ նա ի վիճակի է առավելության հասնել Դոնալդ Թրամփի նկատմամբ:

«Ես այսօր դիմում եմ բոլոր ամերիկացիներին, բոլոր դեմոկրատներին և անկախ հայացքներ ունեցող ամերիկացիներին, նաև բազմաթիվ հանրապետականների: Ես խնդրում եմ այդ մարդկանց` աջակցել Ջո Բայդենին։ Ես սատարում եմ նրա թեկնածությունը, քանի որ վստահ եմ, որ այսօր նա է ի վիճակի  հաղթել մի նախագահի, որն իմ անձնական համոզմամբ, այս երկրի նորագույն պատմության ամենավտանգավոր ղեկավարն է», հայտարարել է  Բերնի Սանդերսը`  Ջո Բայդենի հետ  տեսակապի ժամանակ։

Սանդերսի այդ հայտարարությունից հետո, Բայդենը թվիթերյան իր  միկրոբլոգում տեղադրելով իր և Սանդերսի միասին նկարված լուսանկարը, դրա տակ գրել է․ «Միասնություն»։

Դեմոկրատները հույս ունեն, որ Սանդերսի կողմից Բայդենին սատարելու մասին հայտարարությունը վերջ կդնի քաղաքական թևերի միջև առկա ներքին տարաձայնություններին և վերջիններս իրենց ամբողջ էներգիան կկենտրոնացնեն նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի դեմ պայքարի և նրան պարտության մատնելու վրա։

Վերջին ամիսների ընթացքում Բայդենի ու Սանդերսի գլխավորած երկու թևերը մշտապես գրոհում էին միմյանց դեմ։ Այդ լարվածության շարունակումը կարող էր ծանր հարված հասցնել Դեմոկրատական կուսակցության դիրքին; Այդ պատճառով, կուսակցության ազդեցիկ դեմքերի, այդ թվում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ, այդ տարաձայնությունները մի կողմ դրվեցին։

Այնուամենայնիվ  Դեմոկրատական կուսակցության երկու թևերի միավորումը չի նշանակում, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու է այդ կուսակցությունը։ Իհարկե ներկայումս կորոնավիրուսի կործանարար ճգնաժամին դիմակայելու հարցում Թրամփի կառավարության թույլ գործունեությունը թուլացրել է ԱՄՆ նախագահի դիրքը առաջիկա ընտրություններում հաղթելու համար։ Սակայն  առանց հաջող ընտրարշավի, դեմոկրատները ընտրություններում հաղթելու քիչ շանս ունեն:

Ներկայումս պարզ չէ, թե արդյոք Սանդերսին կողմնակիցներից քանի հոգի Բայդենին կքվեարկեն։ Ինչ խոսք Սանդերսի մեծ թվով հովանավորներ, հատկապես երիտասարդներ, կարող է հիասթափվեն  Բայդենին հովանավորելու կուսակցության ղեկավարների որոշումից, և չմասնակցեն ընտրություններին։ Հնարավոր է անգամ, որ նրանցից ոմանք էլ քվեարկեն հանրապետականների օգտին։

Մյուս կողմից Բայդենն ունի մի շարք խնդիրներ։ Նա, որպես ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, պատասխանատու է նախկին կառավարության թերացումների համար։ Լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են Բայդենի առողջական  խնդրիներին, ինչը կարող է ընտրական սեղմ ծրագրերի ընթացքում գլխացավանք լինել դեմոկրատների համար։ Իսկ հեռուստաբանավեճերում  Դոնալդ Թրամփի  ագրեսիվ մեթոդներին Բայդենի դիմանալը  կասկածելի է:

Այնուամենայնիվ  Դեմոկրատական կուսակցության մեջ Սանդերսի ու Բայդենի միավորվելն արդյունավորվելու համար պետք է մեծ խոչընդոտ հաղթահարել, և դա առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի նախագահին պարտության մատնելն է։