Մեկնաբանություն. Եվրոպացիները դեմ են Իրանին զենքի մատակարարման էմբարգոյի ժամկետի երկարաձգմանը
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի դրույթների համաձայն, 2020 թվականի հոկտեմբերին, Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն չեղարկվելու է։ ԱՄՆ վարչակազմը մտադիր է դա թույլ չտալ և փորձում է ՄԱԿ ԱԽ անդամներին համոզել՝ երկարաձգել զենքի էմբարգոյի գործողության ժամկետը։ Սակայն 4+1 խմբի մյուս անդամները դրական չեն արձագանքել ԱՄՆ-ի ջանքերին։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը դեմ արտահայտվեց Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանը ՀԳՀԾ-ի մյուս եվրոպացի անդամները ևս նման դիրքորոշմամբ հանդես եկան։ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն արձագանքելով Իրանի դեմ զենքի էմբարգոյի չեղարկումը կանխելու ԱՄՆ-ի ջանքերին, հայտարարել է․ «Փարիզը հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ի և ԱԽ-ի բանաձևի դրույթներին»։
Պատասխանելով այն հարցին, թե Փարիզն ինչ դիրքորոշում ունի 2020 թվականի հոկտեմբերին Իրանին սովորական զենքի մատակարարման էմբարգոյի ժամկետը ավարտվելու կապակցությամբ, և արդյոք Ֆրանսիան մտադի՞ր է երկարաձգել էմբարգոյի ժամկետը, Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակն ասել է․ «Փարիզը հավատարիմ է Վիեննայի համաձայնագրին և թիվ 2231 բանաձևին»։
Փարիզի այդ դիրքորոշումը և օրերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի սպառնալի հայտարարությունները, ով ամեն ինչ անում է Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու համար, վկայում են, որ այս հարցի նկատմամբ ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրների դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ-ի դիրքորոշումից:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ զենքի էմբարգոյի ժամկետի ավարտից հետո, Միացյալ Նահանգներն Իրանին թույլ չի տա սպառազինություն ձեռք բերել։ «Մենք դա թույլ չենք տա»,- ճեպազրույցում լրագրողներին ասել է Պոմպեոն։ «Մենք կաշխատենք ՄԱԿ ԱԽ-ի հետ՝ զենքի վաճառքի էմբարգոն ընդլայնելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգները գնահատում է յուրաքանչյուր հնարավորությունն այն բանի, թե ինչպես կարող ենք դա անել»,- հավելել է նա։
Միացյալ Նահանգները 2018թ․ դուրս էր եկել իրանական միջուկային գործարքից։ Այդ համաձայնագրի շրջանակներում Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ-ի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերին։
ԱՄՆ պետքարտուղարը փորձում է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում, կառչելով ՀԳՀԾ-ի դրույթների մաս հանդիսացող վեճերի լուծման «ձգանի մեխանիզմից», երկարաձգել Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը։ Այնուամենայնիվ, քանի որ Միացյալ Նահանգներն այլևս միջուկային գործարքի անդամ չէ, չի կարող հղում անելով համաձայնագրի դրույթներին, երկարաձգել Իրանի դեմ սահմանափակումները։
Թրամփի վարչակազմը զարմանալի հայտարարություն է արել, ասելով, որ ԱՄՆ-ն, ՀԳՀԾ-ից դուրս գալով չի խախտել այն, և իրավական տեսանկյունից, դեռևս ՀԳՀԾ-ի անդամ է։
ՀԳՀԾ-ի այն կետը, որից Վաշինգտոնը նպատակ ունի օգտվել Իրանի դեմ զենքի պատժամիջոցները վերականգնելու համար, «վեճերի լուծման մեխանիզմն» է, որը հայտնի է «ձգանի մեխանիզմ» կամ «պատժամիջոցների մեխանիկորեն վերականգնման մեխանիզմ» անվանումներով:
Եվրամությունը դեմ է Վաշինգտոնի այդ որոշմանը։ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով եվրոպացի մի պաշտոնյայի, հաղորդել է. «Զենքի էմբարգոյի ժամկետի ավարտը մտահոգիչ է, սակայն ՀԳՀԾ-ի անդամ երկրները չեն կարող աջակցել ԱՄՆ-ի առաջարկին, քանի որ պատժամիջոցների վերացումը միջուկային համաձայնագրի պաշտոնական ու օրինական մաս է կազմում»։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքերով․ «ՀԳՀԾ-ն ստորագրող երեք եվրոպական երկրները երբեք չեն հաստատելու ԱՄՆ-ի առաջարկը, քանի որ զենքի էմբարգոյի վերացումը միջուկային գործարքի օրինական մասն է»։
Թվում է, որ չնայած Պոմպեոյի սպառնալիքներին ու հայտարարություններին, 4+1 խմբի մյուս անդամները չեն պատրաստվում իրագործել «ձգանի մեխանիզմը»՝ Իրանի նկատմամբս ահմանված զենքի էմբարգոյի չեղարկումը կանխելու համար։