Մոմուլի տեսություն 28-06-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122233-Մոմուլի_տեսություն_28_06_2020
Փորձագետները կարծում են, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում ԱՄՆ-ի անկարողությունը, կարող է հանգեցնել դոլարի մենաշնորհի ավարտին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հունիս 28, 2020 13:41 Asia/Tehran
  • Մոմուլի տեսություն 28-06-2020

Փորձագետները կարծում են, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում ԱՄՆ-ի անկարողությունը, կարող է հանգեցնել դոլարի մենաշնորհի ավարտին:

Մարդոմսալարի օրաթերթ

Իսկական սպառնալիքն ԱՄՆ-ի կողմից է, ոչ թե Պեկինի

Դոլարը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ, կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ և կորոնավիրուսի բռնկման  տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ԱՄՆ-ի անկարողությունը, կարող է վտանգել այդ արժույթի դերը:

Այս գործընթացում հիմնական սպառնալիքը  Չինաստանն է, որի նախաձեռնությունները ֆինանսական և բանկային տեխնոլոգիաների ոլորտում,  բարելավել են այդ երկրի արժույթի դիրքը համաշխարհային առևտրում, հատկապես՝ զարգացող երկրների շուկաներում: 

 

 Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի դիրքն աշխարհում թուլանում է. Եվրոպան պետք է մտածի այդ մասին

Եվրոպական վեց թերթերի, այդ թվում բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում, Անգելա Մերկելը խոսել է աշխարհում ԱՄՆ-ի դիրքի մասին: Մերկելը եվրոպական երկրներին կոչ  է արել  մտածել Միացյալ Նահանգների գլոբալ ազդեցության թուլացման մասին:

Նա հավելել է. «Մենք մեծացել ենք այն գաղափարախոսությամբ,  որ Միացյալ Նահանգները ցանկացել է լինել համաշխարհային տերություն: Իսկ եթե հիմա Նահանգները ցանկանա հրաժարվել իր կամքի դրսևորման ազատությունից, մենք պարտավոր կլինենք այդ մասին լրջորեն խորհել»

Մերկելը Բեռլինի ռազմական ծախսերի մասին ասել է.«Մենք պարտավոր ենք ավելի մեծ բյուջե հատկացնել պաշտպանությանը»:

 

Խորասան օրաթերթ

Անզիջում պայքար կոռուպցիայի դեմ

Իրանի դատական համակարգի պատասխանատուների հետ տեսակապի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը գոհունակություն է հայտնել վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկված հակակոռուպցիոն միջոցառումների կապակցությամբ: Նա ասել է «Այս ժամանակահատվածում իր գագաթնակետին հասած կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակվի օրենքի ու արդար իրավունքի հիման վրա՝ առանց  ոտնահարելու քաղաքացիների իրավունքները»:

 

Իրան օրաթերթ

39 սենյակում գտնվող Ընի շքեղ բանկը

39 սենյակը Հյուսիսային Կորեայի գաղտնի կազմակերպության անվանումն է, որն ըստ որոշ լուրերի, արտարժույթ է ձեռք բերում Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցության ղեկավարների համար:

Կիմ Չեն Ընը  կազմակերպությունը հիմնել է 1974 թվականին: Ներկայումս, Հյուսիսային Կորեան, պատժամիջոցների պատճառով, առերեսվել է որոշակի սահմանափակումների հետ, հետևաբար վերոնշյալ կազմակերպության գործունեությունն այս պահին առավել քան երբևէ, կարևոր է Փհենյանի համար:

ԱՄՆ բանակի հատուկ նշանակության զորքերի նախկին գնդապետ  և Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Դևիդ Մաքսվելը, New York Post- ին ասել է. «Որտեղի՞ց է  Չեն Ընը ձեռք բերում շքեղ իրեր, ինչպիսիք են Mercedes-Benz- ը, Rolex ժամացույցներն ու խմիչքները: Այս ամբողջ գումարը տրամադրվում է վերոնշյալ սենյակի կողմից»:

 

armedia.am

Վիեննայում թուրք երիտասարդների մասնակցությամբ անկարգությունների հետ կապված Թուրքիայի դեսպանին կանչել են Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի ԱԳՆ-ը երկուշաբթի օրը զրույցի համար կկանչի Թուրքիայի դեսպանին՝ կապված թուրք երիտասարդների մասնակցությամբ անկարգությունների հետ, որ տեղի են ունեցել Վիեննայում քրդական ցույցերի ժամանակ։ 

«Մենք թույլ չենք տա, որ կոնֆլիկտները Թուրքիայից Ավստրիա տեղափոխվեն եւ դրանք կազմակերպվեն մեր փողոցներում»,- Kronen Zeitung թերթը մեջբերում է կանցլեր Սեբաստիան Կուրցին, ով արդեն ուժեղացված ոստիկանական պարեկություն է սահմանել հատուկ լարվածության վայրերում: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը: 

Կանցլերը ՆԳՆ-ին հանձնարարել է հայտնաբերել անկարգություններ հրահրողներին: Նախատեսվում է նաեւ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Շաբաթ օրը Վիեննայում անցկացվել է քրդական ցույցերի չորրորդ օրը՝ հակաֆաշիստական շարժումների մասնակցությամբ, որոնք դեմ են Թուրքիայի ղեկավարության քաղաքականությանը: Քաղաքում տեղակայված են ուժեղացված ոստիկանական ստորաբաժանումներ, ջրցաններ: Ցույցերի կազմակերպման վայրում մի քանի օր ոստիկանական ուղղաթիռ է շրջել:

 

aysor.am

Հոլիվուդը ֆիլմ է նկարահանելու Չինաստանում COVID-19-ի բռնկման առաջին շաբաթների մասին

Հոլիվուդյան «SK Global Entertainment» ընկերությունը սկսել է աշխատել նոր ֆիլմի վրա, որում պատմվելու է Չինաստանում կորոնավիրուսի տարածման առաջին երկու շաբաթների և բժիշկների աշխատանքի մասին, որոնք բախվել են նոր մահացու վիրուսին, հայտնում է «Wall Street Journal»-ը:

Սցենարի հեղինակը լինելու է Օսկարի մրցանակակիր Շառլ Ռենդոլֆը:

Ըստ նրա՝ աշխատանքի ժանրը, ամենայն հավանականությամբ, կսահմանվի որպես բժշկական դրամա, այլ ոչ թե համաճարակային թրիլլեր:

«Մի բան է պայքարել հրեշի դեմ: Մեկ այլ բան՝ պայքարել հրեշի դեմ մթության մեջ», - կարծում է Ռենդոլֆը:

Կինոընկերությունը պլանավորում է նկարահանումները սկսել 2021 թվականի սկզբին՝ Չինաստանում, սակայն դրա համար ՉԺՀ-ի իշխանությունների թույլտվությունն է անհրաժեշտ:

 

armedia.am

Հայաստանի վարչապետը հանձնարարել է մշակել տնտեսական աճի ներուժի վերականգնման գործողությունների ծրագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ վերլուծություն է ներկայացրել տնտեսության ընթացիկ վիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են, մի շարք ուղղություններով էապես ավելի ցածր անկում է գրանցվել, իսկ որոշ ոլորտներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել: Տ. Խաչատրյանը նաև անդրադարձել է մթերման շրջանի հետ կապված հարցերին և զեկուցել խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

news.am

Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում․ ԱՀԿ

Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում, հայտնել է Առողջապահությւան համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի ռազմավարական նախաձեռնությունների գծով օգնական, բժիշկ Ռանյերի Գերան, հայտնում է CNN-ը։

«Կարելի է զուգահեռներ անցկացնել իսպանկայի հետ, որն իրեն դրսեւորում էր ճիշտ այնպես ինչպես Covid-ը՝ այն նվազեց ամռանը եւ կտրուկ աճեց սեպտեմբերին եւ հոկտեմբերին՝ բերելով 50 միլիոն մահվան՝ երկրորդ ալիքի ժամանակ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս շատ երկրներ սկսել են թուլացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումները, իսկ ԵՄ-ն իր սահմանները բացում է այն երկրների ճանապարհորդների համար, որոնք կորոնավիրուսի տեսանկյունից ամենաքիչ վտանգն են ներկայացնում: