Մամուլի տեսություն 05-07-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122515-Մամուլի_տեսություն_05_07_2020
Վերջերս Բոտսվանում կասկածելի պայմաններում սատկել է մոտ 300 փիղ և սատկելու պատճառը դեռ հայտնի չէ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 05, 2020 13:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-07-2020

Վերջերս Բոտսվանում կասկածելի պայմաններում սատկել է մոտ 300 փիղ և սատկելու պատճառը դեռ հայտնի չէ:

Մարդոմսալարի օրաթերթ

Թրամփի վերջին հույսը՝ բանաձևերի պայքարում

Սպիտակ տունը փորձել է տարբեր եղանակնեով արդյունքի հասցնել՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու քաղաքականությամբ և այդ ուղղությամբ օգտագործում է միջազգային կազմակերպություններին: ՀԳՀԾ-ի  և ԱԽ-ի 2231 բանաձևի համաձայն, սեպտեմբերին  ավարտվում է Իրանի զենքի էմբարգոյի  ժամկետը և Թրամփն ու նրա կառավարության այլ պաշտոնատարները մտահոգված են այդ կապակցությամբ: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը խստացնում է իր հակաիրանական քաղաքականությունը: ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, Սպիտակ տունն Անվտանգության խորհրդին ներկայացրեց հակաիրանական բանաձևի նախագիծ՝ որը քննարկվեց երեքշաբթի օրը՝ ԱԽ-ի նիստում, սակայն  ի վերջո հանգեց Թրամփի դիվանագիտական ​​ձախողմանը:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի կարմրամորթներներ. Մենք հետ կվերցնենք մեր երկիրը

Ուրբաթ օրը, ամերիկացի կարմրամորթները բողոքի ցույց են անցկացրել Թրամփի Հարավային Դակոտա այցի դեմ և փակել նահանգի ճանապարհները: Նրանք հայտարարել են, որ Միացյալ Նահանգները գողացել են իրենց երկիրը: ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով  Դակոտա կատարած Թրամփի այցի և «Ռաշ Մոր» լեռան ազգային հուշարձան այցելելու ընթացքում, որտեղ քարի վրա փորագրված են Աբրահամ Լինքոլնի, Թեոդոր Ռուզվելտի, Թոմաս Ջեֆերսոնի և Ջորջ Վաշինգտոնի դեմքերը, Ամերիկայի կարմրամորթները հավաքվել են՝ բողոքելու իրենց նախնիների երկիրը գրավելու դեմ: Հանրահավաքը ցրվել է ոստիկանների միջամտությամբ և ցուցարարները ձերբակալվել են: Բողոքարարները, որոնց մեծ մասը Լակոտա ցեղից էին, փակել են Ռաշ Մոր լեռ տանող ճանապարհը: Ոստիկանությունը, հարձակվելով ցուցարարների վրա, ցրել է հավաքը: Ցուցարարները, կարգախոսներ վանկարկելով, հայտարարել են «Մենք հետ կվերցնենք մեր երկիրը»:

 

«Խորասան» օրաթերթ

Առեղծվածային մահեր

Զարգացած տեխնոլոգիայի մեր դարաշրջանում, բոլոր բնական երևույթներն ու իրադարձություններն ավելի լավ են լուսաբանվում, քան նախկինում: Այս տարօրինակ երևույթներից է կենդանիների զանգվածային մահը: Բոլորի համար հարց է, թե ինչո՞ են կենդանիները երբեմն զանգվածաբար  մահանում և ո՞րն է դրա գաղտնիքը: Մինչ այժմ այդ կապակցությամբ որևէ հստակ, պատասխան չի ստացվել:

Վերջերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Աֆրիկայի մայրցամաքում գտնվող Բոտսվանաում, որը մեծ ուշադրության է արժանացել սոցիալական ցանցերում:  Բոտսվանում կասկածելի պայմաններում սատկել է մոտ 300 փիղ և սատկելու պատճառը դեռ հայտնի չէ:

 

«Ջավան» օրաթերթ

Թրամփ. Նրանք ուզում են տապալել ԱՄՆ-ի համակարգը

ԱՄՆ-ի անկախության տոնի առիթով ունեցած ելույթում, նախագահ Դոնալդ Թրամփը  քննադատել է  ստրկության խորհրդանիշ հանդիսացող արձանների տապալումը և ցուցարարներին մեղադրել Միացյալ Նահանգները տապալելու փորձ կատարելու մեջ: Նա ասել է.«չսխալվեք: Այս ձախակողմյան մշակութային հեղափոխությունը կոչված է տապալելու ամերիկյան հեղափոխությունը: Նրանք ոչնչացնում են այս քաղաքակրթությունը, որը միլիարդավոր մարդկանց փրկեց աղքատությունից, հիվանդությունից, բռնությունից և քաղցից ու տարավ դեպի նոր բարձունքներ»:

 

armedia.am

Հայաստանին հարկավոր է նոր Սահմանադրություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարեւորությունը պետության կայացման, հանրային եւ պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս:

Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաեւ այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը:

Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետեւ Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Եւ ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն:

 

aysor.am

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 168 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է  10027  պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6632 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր  674 515. դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8986 մարդ՝ ընդհանուր առմամբ, 446 879 պացիենտ:

 

news.am

Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի, հնարավոր է, 2020 թվականի վերջում

Ամերիկացի մասնագետները, հավանաբար, կստեղծեն նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ 2020 թվականի վերջում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ելույթ ունենալիս Սպիտակ տանը «Սալյուտ Ամերիկային-2020» միջոցառման ժամանակ, որը նվիրված էր ԱՄՆ Անկախության օրվան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, մեզ մոտ գործերն անհավանական լավ են ընթանում»,-ասել է Ամերիկայի առաջնորդը։ «Մենք, հավանաբար, կունենանք լուծումը բժշկական դեղամիջոցի կամ պատվաստանյութի տեսքով նախքան տարեվերջ»,-ընդգծել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը մայիսի 3-ին Fox News  հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ երկրում, ըստ ամենայնի, կստեղծեն վիրուսի դեմ պատվաստանյութը մինչեւ տարեվերջ։ Ավելի ուշ նա նշել էր, որ այդ հարցում լիարժեք վստահություն չկա։

Թրամփը նաեւ հերթական անգամ սեւեռել է ուշադրությունն առ այն, որ նոր կորոնավիրուսն ի սկզբանե գրանցվել է Չինաստանում։ Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները թույլ են տվել, որ «վիրուսը տարածվի ամբողջ աշխարհում՝ 189 երկրներում»։ «Չինաստանը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի»,-հավելել է Թրամփը։

news.am

Թուրքիայում հայ ճարտարապետի նախագծած մզկիթը ներառվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում 

Թուրքիայի Նեվշեհիր նահանգի Աշաղըբարաք գյուղում գտնվող մզկիթը որպես յուրօրինակ կառույց ներառվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝  Նեւշեհիրի Աշաղըբարաք գյուղի մզկիթը դեռեւս 1850–ականներին կառուցվել է հայ ճարտարապետի նախագծով եւ նմանատիպ մզկիթ Թուրքիայում ընդամենը 2 օրինակ կա։

Եւ քանի որ այն յուրօրինակ ճարտարապետական կառույց է, ընդգրկվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում։

Աշաղըբարաք գյուղի տարեցներից 92–ամյա Նիյազի Քարաջան պատմել է, որ այս մզկիթը կառուցելու համար իրենց գյուղացիները հրավիրել են Քեքլիք անունով մի վարպետի, որն էլ ասել է, թե լավագույն մզկիթը կարող են նախագծել հայ ճարտարապետները։ «Այն ժամանակ հայերը Նեւշեհիրում կառուցում էին թե եկեղեցի, թե մզկիթներ։ Հայ ճարտարապետը եկավ եւ նախագծեց մեր մզկիթը»,–պատմել է Նիյազի Քարաջան։