Մամուլի տեսություն 16-08-2020
Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել էր Վաշինգտոնի հակաիրանական բանաձևի մերժման արդյունքում ԱՄՆ-ի պատմական պարտությունը:
Քեյհան օրաթերթ
Իսրայելը չի կարող իրեն պաշտպանել, ինչպե՞ս է ուզում պաշտպանել ԱՄԷ-ին
Սիոնիստական ռեժիմի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների կարգավորումը դավաճանություն էր և մեծ հարված՝ իսլամական աշխարհին:
Իհարկե, ԱՄԷ-ից որևէ մեկը չէր ակնկալում, որ այդ երկիրը կաջակցեր պաղեստինցիներին: Աբու Դաբիի և Թել Ավիվի ոչ պաշտոնական հարաբերությունները սկսվել են տարիներ առաջ, բայց տարօրինակ էր այդ մասին հրապարակայնորեն հայտարարելը, քանի որ դա ազդելու է ԱՄԷ անվտանգություն վրա:
Իրան օրաթերթ
Պարտություն
Շաբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերը վերջնականապես ձախողվեցին: Անհաջողություն, որի ծավալներն ավելի մեծ են ԱՄՆ-ի համար, քան միայն բանաձևը չընդունելը: Երկրները, որ ժամանակին ԱՄՆ-ի դաշնակիցն էին Իրանին մեկուսացնելու հարցում, կանխեցին միջուկային գործարքի տապալումը:
Իրանի սպառազինության էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը ՝ 2 կողմ և 2 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, չի հաստատվել Անվտանգության խորհրդի կողմից:
Ջամե Ջամ
Թրամփը սգի մեջ է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբայրը մահացել է 71 տարեկան հասակում:
Նրա մահվան պատճառը դեռ որոշված չէ, բայց Թրամփը ուրբաթ լրագրողներին ասել է, որ իր եղբայրն անհայտ հիվանդության պատճառով է մահացել:
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ ուրբաթ օրը, նախքան Բադմինսթեր քաղաքի գոլֆի ակումբ գնալը, Նյու Յորքի Սենա հիվանդանոցում հանդիպել է եղբորը:
Էթեմադ օրաթերթ
Թրամփը ձգտում է վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում՝ ակտիվացնելու ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բադմինսթեր քաղաքի գոլֆի ակումբում Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը արդեն գիտեր, որ Անվտանգության խորհուրդը չի քվեարկի Իրանի սպառազինության էմբարգոյի բանաձևի օգտին: Նա հավելել է. «Մենք գիտեինք, թե որն է լինելու քվեարկության արդյունքը, բայց փորձում ենք վերականգնել պատժամիջոցները: Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կկատարի այդ խոստումը»:
Հարցին, թե արդյոք նա կմասնակցի՞ Իրանի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած տեսակոնֆերանսին, Թերամփն ասել է.«Հավանաբար ոչ: Կարծում եմ, որ մենք կսպասենք մինչև ընտրությունները»: ԱՄՆ նախագահը հավելել է. «Իրանը շատ է ցանկանում, որ ես պարտվեմ ընտրություններում»:
orakarg.com
Դոնալդ Թրամփը կարող է մինչև ընտրություններն ԱՄՆ-ն դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից. Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իսպանական La Razon թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարող է նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններից առաջ հայտնել ԱՄՆ-ի` ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու իր որոշման մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մինչև ընտրությունները դեռ 3 ամիս կա, իսկ ամերիկյան քաղաքականության տեսանկյունից դա մի հավերժություն է։ Ինչպես մենք ենք անվանում, «Հոկտեմբերյան անակնկալի» հնարավորություն, շատ հավանական է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ չորրորդ հանդիպումը լինի, որի շրջանակներում խաղաղություն հաստատվի Կորեական թերակղզու հետ և վերջ դրվի միջուկային զենքի ծրագրին»,- նշել է Բոլթոնը։
Նախկին խորհրդականը նաև պարզաբանել է, որ հնարավոր է, որ Թրամփը մինչև իր ընտրություններն ԱՄՆ բոլոր ուժերին Աֆղանստանից դուրս բերելու որոշում կայացնի, կամ հայտարարի երկրի՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին։
Նշենք, որ հուլիսին ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ չի ցանկանում, որ ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից։
aysor.am
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի նկատմամբ: Նման առաջարկությամբ են հանդես եկել ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները, Twitter- ում գրել է Սլովակիայի Արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը:
Ըստ նրա՝ պատրաստվելու է այն անձանց հատուկ ցուցակը, որոնք կազմակերպել են «բռնություն խաղաղ ցուցարարների դեմ և կեղծված ընտրություններ»:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը իր միկրոբլոգում հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահի ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ի գիշերը՝ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
lragir.am
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ
Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը:
Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:
ankakh.com
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն արտադրվել է
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջին խմբաքանակն արտադրվել է։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեայի անվան կենտրոնի մշակած նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակն արտադրվել է», -հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնել էին COVID-19-ի դեմ պատվաստանյութի թողարկման մասին։ Իսկ օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջինն աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել։ Այն ստացել է «Спутник V» անվանումը;