Մեկնաբանություն. Թրամփի կառավարությունը շարունակում է հակաիրանական առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը
Թրամփի նախագահության շրջանի ավարտից մի քանի օր առաջ, շարունակելով առավելագույն ճնշման քաղաքականությունն ԱՄՆ-ն ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցները:
ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Իրանի Ծովային արդյունաբերության, Ավիատիեզերական արդյունաբերության և Ավիացիոն արդյունաբերության կազմակերպությնների անունները:
ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանի զենքի տարածումը սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար: Իր անհիմն հայտարարության մեջ Պոմպեոն Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը անվանել է «շարունակական սպառնալիք» միջազգային անվտանգության համար:
2018թ. մայիսին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Թրամփի կառավարությունը կոշտ պատժամիջոցներ է կիրառել Իրանի տնտեսական ոլորտի նկատմամբ: Վերջին տարիների ընթացքում, Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Վաշինգտոնի քաղաքականություններին չհետևող բոլոր երկրների դեմ: Այդ պատժամիջոցներից անմասն չեն մնացել նաև Ռուսաստանն ու Վենեսուելան:
ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Թրամփը փորձեց Իրանին պարտադրել մասնակցել նոր բանակցությունների՝ Վաշինգտոնի առաջարկած պայմաններով նոր համաձայնություն կնքելու նպատակով: Սակայն բոլոր փաստերը վկայում են ԱՄՆ-ի վերոնշյալ քաղաքականության ձախողման մասին:
Inside Arabia կայքը հաղորդել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած առավելագույն ճնշման քաղաքականությունը, գործադրումից երկու տարի անց, ձախողել է:
Այնուամենայնիվ, այլ երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շարունակվում են քաղաքական, առևտրային, անվտանգության և նույնիսկ մարդու իրավունքների պատրվակներով: Փաստորեն, Թրամփը մտադիր է շարունակել միակողմանի մոտեցումը, ապահովելով միայն Վաշինգտոնի շահերը և անտեսելով երկրների ինքնորոշման և անկախության իրավունքը:
Հատկանշական է, որ COVID-19-ի համաճարակի և առողջապահական ու բժշկական պարագաներ ապահովելու համար համաշխարհային համագործակցության անհրաժեշտության պատճառով, շատ երկրներում իրավիճակը լարված է: Իրանի պաշտոնյաները բազմիցս խոսել են դեղորայքի և առողջապահության ոլորտի վրա ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական հետևանքների մասին, նշելով, որ դրանք խոչընդոտում են դեղորայքին և բժշկական սարքավորումներին Իրանի հասանելիությունը:
Ամերիկացի մտավորական Նոամ Չամսկին, անօրինական համարելով Իրանի դեմ պատժամիջոցները, նշել է, որ դրանց գործադրման պատճառն Իրանի անկախությունն ու ԱՄՆ-ի քաղաքականություններին չհետևելն է:
Սպիտակ տանն իր ներկայության վերջին օրերին, Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է հակաիրանական պատժամիջոցները: Այդպիսով Թրամփը փորձում է գործադրել վերջին ջանքերը՝ իր ձախողած քաղաքականություններն արդարացնելու համար: