Վաշինգտոնում կայացել է Հայաստան–Ադրբեջան–ԱՄՆ եռակողմ հանդիպում
Վաշինգտոնում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստան–Ադրբեջան–ԱՄՆ եռակողմ հանդիպում՝ Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը:
«Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում»,– ասված է հաղորդագրությունում։
Արտաքին գերատեսչությունից հայտնել են նաև, որ կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ: Ընդգծվել է նաև առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը։
Նույն օրն աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։