Մեկնաբանություն. Միջուկային զենքի արգելման պայմանագիրը կգործադրվի առանց միջուկային տերությունների ստորագրության
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131580-Մեկնաբանություն._Միջուկային_զենքի_արգելման_պայմանագիրը_կգործադրվի_առանց_միջուկային_տերությունների_ստորագրության
ՄԱԿ-ը ողջունել է Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն (TPNW) առանց միջուկային գերտերությունների ստորագրության գործադրման հանձնելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2021 09:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Միջուկային զենքի արգելման պայմանագիրը կգործադրվի առանց միջուկային  տերությունների ստորագրության

ՄԱԿ-ը ողջունել է Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն (TPNW) առանց միջուկային գերտերությունների ստորագրության գործադրման հանձնելը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը, այս կապակցությամբ հղած ուղերձում, կարևորելով  միջուկային զենքից զերծ աշխարհ կերտելու ուղղությամբ արված այս քայլը, նշել է. «Սա միջուկային զենքի արգելքի մասին առաջին բազմակողմ համաձայնագիրն է, որը ստորագրվում է ավելի քան 20 տարի անց»:

Պայմանագիրն արգելում է միջուկային զենքի կիրառումը, արդիականացումը, արտադրությունը, փորձարկումը, տեղակայումը, պահպանումը և օգտագործելու սպառնալիքը: Պայմանագիրն ուժի մեջ է մտել` ստորագրող 50-րդ երկրի կողմից վավերացվելուց 90 օր անց՝ հունվարի 22-ին:  Պայմանագիրը մինչ այժմ ստորագրել է 86 երկիր: Եվ 51 երկիր  այն վավերացրել է  խորհրդարանում: Միջուկային զենքի դեմ պայքարող ակտիվիստները և պայմանագիրը ստորագրող երկրները հույս ունեն, որ այն արդյունավետ կլինի նույնիսկ առանց միջուկային գերտերությունների աջակցության և հնարավորություն կտա փոխել միջուկային զենք ունեցող երկրների քաղաքականությունը:

Այս պայմանագրի հիմնական նպատակն է սահմանել իրավական նորմեր՝ միջուկային զենք ունեցող երկրներին պատասխանատվության ենթարկելու համար և հնարավորություն է տալիս մեծացնել միջուկային տերությունների վրա գործադրվող ճնշումը՝ վերջիններիս միջուկային պարտավորությունները կատարելու կապակցությամբ: 

Չնայած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրն (NPT) ընդունվել է 1968թ և գործադրվել 1970 թվականից, դրա շրջանակներում չի հաջողվել ձեռնարկել որևէ արդյունավետ քայլ՝ միջուկային զինանոցի կրճատման ուղղությամբ: Ավելին՝ միջուկային տերությունների թիվն աճել է:

Միջուկային գերտերությունները կտրականապես դեմ են Միջուկային զենքի արգելման պայմանագրին: Այդ երկրները հրաժարվել են ստորագրել պայմանագիրը և չեն մասնակցել դրա ստորագման նպատակով անցկացված բանակցություններին ու քննարկումներին: ԱՄՆ-ից ու Ռուսաստանից բացի, որոնց պատկանում է աշխարհի միջուկային զինանոցի 90 տոկոսը, միջուկային զենք ունեն նաև Ֆրանսիան, Չինաստանը, Բրիտանիան, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և Հյուսիսային Կորեան:

2018թ հոկտեմբերին, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, իրենց ընդդիմությունը հայտնելով Միջուկային զենքի արգելման պայմանագին և նշեցին որ չեն պատրաստվում ստորագրել այն: Այս երկրները հայտարարեցին, որ միջուկային զինաթափման գործող կարգն արդյունավետ է եղել և ունեցել է շոշափելի արդյունքներ, այդ թվում՝ միջուկային զենքի համաշխարհային զինանոցի կրճատումը: Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Միջուկային զենքի արգելքի  մասին պայմանագրին չի հաջողվել լուծել միջուկային զինաթափման գործընթացի առանցքային խնդիրները, այն հակասում է NPT պայմանագրի դրույթներին և կարող է վնասել դրան:

Աշխարհը տասնամյակներ շարունակ տառապում է միջուկային պատերազմի մղձավանջով:  Միջուկային զենքը լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջուկային տերությունների և այլ երկրների զինանոցներում կան հազարավոր միջուկային զենքեր,  որոնք ձեռք են բերվել  վերջին տասնամյակների ընթացքում: