Մեկնաբանություն.Հեսան Դիաբի այցը Կատար. Այցի կարևորությունն ու նպատակները
Լիբանանի վարչապետ Հեսան Դիաբը 2021 թվականի ապրիլի 18-ին եռօրյա այցով ժամանել է Կատար և հանդիպում ու բանակցություն է ունեցել այդ երկրի պաշտոնատարների հետ: Սա Դիաբի առաջին արտասահմանյան ուղևորությունն է 2021 թվականին:
Անցած շաբաթ նախատեսված էր Դիաբի այցն Իրաք՝ մի քանի համաձայնագրեր կնքելու նպատակով: Սակայն այցը չեղարկվեց, ինչպես նշեցին ԶԼՄ-ները, Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի նման դերակատարների գործադրած ճնշումների արդյունքում: Ուստի Դիաբի այցը Կատար վկայում է, որ Կատարն անկախ է իր արտաքին քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելու գործում:
Մյուս հարցն այն է, որ 2020 թվականի օգոստոսից ի վեր, Լիբանանը հայտնվել է մի տեսակ քաղաքական փակուղում: Նախ Մուստաֆա Ադիբը կառավարության ձևավորվելուց մեկ ամիս անց հրաժարական տվեց, իսկ հետո կառավարություն ձևավորելու համար նշանակվեց Սաադ Ալ-Հարիրին, որը 2020-ի հոկտեմբերից ոչ միայն չի կարողացել կազմել նոր կառավարություն, այլ այդ առումով հստակ հեռանկար չկա: Բացի այդ, Լիբանանի կառավարության ձևավորման հարցով վարչապետ Սաադ ալ-Հարիրին ևս անցած փետրվարին այցելել էր Կատար և հանդիպել ու բանակցել էր այդ երկրի պաշտոնյաների հետ:
Դիաբի ուղևորությունը Կատար նույնպես կարևոր է այդ երկրի դիրքի տեսանկյունից: Կատարը կապիտալիստական երկիր է, որն օգտագործում է ֆինանսական լծակներ՝ օգնելու արաբական երկրներին և ազդեցություն ունենալու այդ երկրներում: Լիբանանում տնտեսական ծանր պայմաններ են տիրում, և մարդիկ հաճախ են բողոքի ցույցեր անցկացնում իրենց ֆինանսական ծանր վիճակի դեմ: Ուստի, հաշվի առնելով տարածաշրջանի որոշ արաբական երկրների, ինչպես նաև արևմտյան տերությունների դիրքորոշումները Հասան Դիաբի նկատմամբ, վերջինս փորձում է օգնություն ստանալ Կատարի կառավարությունից՝ իր երկրի ֆինանսական խնդիրները մեղմելու համար:
Այս կապակցությամբ, Հասան Դիաբի խորհրդական Խեզր Թալիբը, ասել է, որ Դիաբը այս այցի ընթացքում Կատարի իշխանություններին կտեղեկացնի Լիբանանում տիրող իրավիճակի և ֆինանսական, սոցիալական, կենսապահովման ու տնտեսական դժվարությունների մասին, որոնց այսօր բախվում է Լիբանանի ժողովուրդը: Նշելով, որ Լիբանանի իշխանությունները մեծ հույս ունեն, որ Դոհան օգնություն կցուցաբերի, Թալիբը հավելել է.-«Կատարը միշտ կանգնած է եղել Լիբանանի կողքին և երբեք չի զլանա այդ երկրին օգնելու հարցում»:
Բացի այդ, Կատարը Լիբանանի ներքին ճգնաժամին հաջող միջնորդություն իրականացնելու պատմություն ունի: Տարածաշրջանային ճգնաժամերին միջնորդությունը Կատարի արտաքին քաղաքական ռազմավարություններից է: Դոհան 2008 թվականին Լիբանանում ներքին լարվածությունը սրվելուց հետո, միջնորդեց ներքին դերակատարների միջև, ինչն ի վերջո հանգեցրեց լիբանանյան քաղաքացիական հակամարտության ավարտին: Թվում է, որ Դոհան դեռ փորձում է միջնորդ լինել լիբանանյան խմբերի և գործիչների միջև, որպեսզի վերջիններս վերջ դնեն կառավարության ձևավորման շուրջ առկա քաղաքական լարվածությանը: