Մեկնաբանություն- Ալ-Քազեմիի ուղևորությունը Վաշինգտոն և ԱՄՆ-Իրաք բանակցությունների չորրորդ փուլը
Հուլիսի 23-ին մեկնարկեց Բաղդադի և Վաշինգտոնի բանակցությունների չորրորդ փուլը: Բանակցությունների այս փուլին մասնակցում էին արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ղասեմ ալ-Արաջին: Հուլիսի 25-ին Վաշինգտոն ժամանած Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեիմին, երկուշաբթի օրը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և բանակցությունները շարունակվելու են նրանց ներկայությամբ:
Բանակցությունների այս փուլի առանցքում լինելու է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը, քանի որ Իրաքի խորհրդարանը 2020 թվականի հունվարի 5-ին հաստատել է երկրից օտարերկրյա զորքերը դուրս բերելու ծրագիրը:
Մինչ այժմ բանակցությունների երեք փուլերի արդյունք Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ընդունումն էր: Այնուամենայնիվ, չնայած իրաքցի և ամերիկացի պաշտոնյաները պնդում էին ամերիկյան զորքերի դուրսբերման վրա, փաստերը վկայում են, որ Իրաքի կառավարությունը իրականում չի ցանկանում, որպեսզի ամերիկյան զորքերը հեռանան երկրից: Նույնն է ցանկանում նաև Վաշինգտոնը: Իրաքի կառավարությունը ցանկանում է ամերիկյան զինված ուժերի մի մասին պահել Իրաքում՝ ռազմական պատրաստվածության և հետախուզական օգնության անհրաժեշտության պատրվակով:
Վաշինգտոն կատարելիք այցից առաջ, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին հայտարարել է, որ Իրաքում օտարերկրյա զորքերի ներկայության անհրաժեշտություն չկա: Միևնույն ժամանակ, Ալ-Քազեմին նշել է, որ Իրաքը շարունակում է ԱՄՆ-ից օգնություն խնդրել զինվորականների վերապատրաստման և ռազմական տեղեկությունների ձեռք բերման հարցում: Ուրբաթ օրը Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում, Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել միջազգային կոալիցիա՝ տեղեկությունների փոխանակման և ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար: Նա հայտարարել է.«Մեր անվտանգության ուժերը դեռ ունեն ԱՄՆ-ի ուսումնական ծրագրերի ու սարքավորումների կարիքը»:
Ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ տարբեր լուրերը են շրջանառվում, սակայն ԶԼՄ-ների հաղորդագրությունները վկայում են, որ հնարավոր է այդ կապակցությամբ համաձայնության գալ մինչև տարեվերջ: Ակնկալվում է, որ Բայդենը և Ալ-Քազեմին երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայանալիք նիստում կսահմանեն դուրսբերման ժամանակացույց, և նախատեսվում է, որ դա կլինի ընթացիկ տարվա վերջը: «Մենք ամերիկյան կողմին ասել ենք, որ Իրաքը իր տարածքում օտարերկրյա մարտական զորքերի կարիք չունի և 2021թ. դեկտեմբերի 31-ը յուրահատուկ օր է լինելու»,-ասել է Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ղասեմ ալ-Արաջին:
Կարելի է ասել, որ «խորհրդակցական ներկայությունը» ծածկագիր է, որն օգտագործվում է ԱՄՆ-ի և Իրաքի պաշտոնյաների կողմից՝ Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը շարունակելու և Իրաքի խորհրդարանի 2020 թ. հունվարի 5-ի որոշումն անտեսելու համար: Ալ-Քազեմին և նրա համախոհներն ու մերձավոր խմբերը փորձում են ժամանակացույց սահմանել Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք իրենց նախընտրական նպատակներն իրագործելու համար: Միևնույն ժամանակ, որոշ ամերիկյան զորքեր մնում են Իրաքում՝ իրաքյան ուժերին վերապատրաստելու և հետախուզական օգնության ցուցաբերելու պատրվակով, որպեսզի շարունակվի ԱՄՆ-ի աջակցությունը Իրաքի ներկայիս կառավարության և նրա կողմնակիցների հանդեպ: