Մեկնաբանություն- Ղալիբաֆը Դամասկոսում է. նոր գլուխ՝ Իրան-Սիրիա տնտեսական հարաբերություններում
Դամասկոս կատարած այցի ընթացքում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հանդիպել է երկու երկրների նախագահի, վարչապետի, արտգործնախարարի և իրանցի ու սիրիացի գործարարների հետ:
Չորեքշաբթի օրը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ, Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆն ասել է, որ Իրանի և Սիրիայի ժողովուրդների դեմ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, և որ հաջորդ չորս տարիները հնարավորություն են՝ ընդլայնելու երկու երկրների տնտեսական համագործակցությունը:
Հանդիպման ժամանակ, Բաշար Ասադն ընդգծել է, որ Իրանն ու Սիրիան կարևոր գործընկերներ են, հավելելով, որ երկու երկրների համագործակցության ոլորտները հստակեցնելու նպատակով, պետք է ձևավորվեն համապատասխան հանձնաժողովներ և երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը պետք է ընդլայնվի:
Սիրիայում նախագահական ընտրություններից և Բաշար Ասադի հաղթանակից հետո Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի այցը Դամասկոս, կրկնակի կարևոր է: Թե՛ Իրանում, թե՛ Սիրիայում նոր շրջան է սկսվել, և խորհրդարանները կարևոր դեր ունեն երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման գործում:
Տարածաշրջանի հարևանների և բարեկամների հետ տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնումն իսլամական խորհրդարանի 11 -րդ շրջանի և Իրանի նոր կառավարության առաջնահերթությունն է: Եվ այս քաղաքականությունը սահմանել է Իրանի տնտեսական համագործակցության հեռանկարները Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Սիրիայի հետ:
Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների դեմ երկարատև պատերազմից հետո, Սիրիան հայտնվել է քաղաքական և անվտանգության խաղաղ և կայուն իրավիճակում: Երկրի ոչնչացված ենթակառուցվածքների վերակառուցումը Սիրիայի կառավարության առաջնահերթությունն է, ինչպես նաև լավ հնարավորություն իրանական մասնավոր ընկերությունների համար՝ Սիրիայում ներկա գտնվելու համար:
Այս համատեքստում; Իրանի իսլամական խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադն Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով խորհրդարանի նախագահի Սիրիա կատարած այցի կարևորությանը, նշել է. «Հաշվի առնելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ Իրանը կարող է մեծ ներդրումներ կատարել տնտեսական, տեխնիկական և ինժեներական ծառայությունների, ինչպես նաև քաղաքների վերակառուցման, բնակարանաշինության, Սիրիայի գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի, ջրի, հանքարդյունաբերության և նավթի ոլորտներում»:
Սիրիան տնտեսական, առևտրային, արդյունաբերական, տեխնիկական և ինժեներական ոլորտներում մեծ կարողություններ ունի: Իսկ իրանական ընկերությունները վերոնշյալ ոլորտներում ունեն լավ հնարավորություններ և կարող են Սիրիայում ներդրումներ անելով, կարևոր դեր խաղալ այս երկրի վերականգնման և Իրանի ու Սիրիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում:
Իրան-Սիրիա քաղաքական և ռազմավարական համագործակցությունը հուսալի աջակցություն է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Իսկ երկու երկրներում ստեղծված նոր հնարավորությունները կարող են տնտեսական հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացել:
Իրանն ու Սիրիան կարող են համապարփակ համաձայնագրերի շրջանակում նախանշել իրենց տնտեսական համագործակցության հեռանկարները ՝ հօգուտ երկու երկրների, և որքան երկկողմ առևտրային հարաբերություններն ընդլայնվեն, այնքան կչեզոքացվի թշնամիների պատժամիջոցների ու առավելագույն ճնշման գործիքը: