Մեկնաբանություն- Հարևանների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի տարածաշրջանային դիվանագիտության առանցքում է
Վերջին օրերին Իրանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Օման, այնուհետև Կատար: Թեև այցը կարճ էր, սակայն բանակցությունների առանցքում եղել են ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր։
Հարևանների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը վերլուծելիս պետք է հաշվի առնել երեք կարևոր ասպեկտ.
Նախ՝ հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, ինչը 13-րդ կառավարության դիվանագիտության մեջ ընդգծվել է որպես երկարաժամկետ նպատակ, որն իրականացվում է արագ տեմպերով։
Երկրորդ հերթին, սպառնալիքների վերածումն է հնարավորությունների: Այս հարցի կարևորությունը միայն տարածաշրջանային ճգնաժամերի լուծմամբ չի սահմանափակվում, քանի որ տնտեսական դաշտում սպառնալիքները կարող են հանգեցնել անվտանգության մարտահրավերների։ Հետևաբար, տնտեսական սպառնալիքները հնարավորությունների վերածելը նույնքան կարևոր է, որքան մյուս բաղադրիչները։
Երրորդ ասպեկտը հարևանների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման կարևորությունն է երկկողմ և բազմակողմ բանակցություններում՝ ուղղված տարածաշրջանային կարողությունների օգտագործմանը առևտրի դյուրացման և տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար, որոնք իրականում սպառնալիքները հնարավորությունների վերածելու նախապայման են։
Օման կատարած այցի ընթացքում, անդրադառնալով երկու երկրների միջև առևտրային համագործակցության ընդլայնմանն ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը կդիտարկվի որպես խաղաղության և անվտանգության պահպանման օրինակ:
Ցավոք սրտի, տարածաշրջանային որոշ դերակատարների սխալ քաղաքականությունն անկայունության, պատերազմի և ծայրահեղականության պատճառ են դարձել տարածաշրջանում և սա բխում է միայն օտարների շահերից։
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Դոհայում հայտարարել է, որ չպետք է մտածել խնդիրներն ու ճգնաժամերը ուժի, ռազմականացման և հեգեմոնիայի միջոցով լուծելու մասին: Նա նշել է. «Իրանը միշտ առանցքային, կառուցողական և հիմնարար դեր է խաղացել տարածաշրջանային հարցերում և լավ կողմ է եղել տարածաշրջանային զարգացումներում, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և տարածաշրջանային երկխոսություններում»:
Իրանը և Կատարը համաձայն են, որ միջազգային նոր իրավիճակում տարածաշրջանային խնդիրների շուրջ երկխոսությունները կարող են նպաստել տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնման ձևավորմանը:
Կատարի շեյխ Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին 2020 թվականի հունվարին Թեհրան կատարած այցի ժամանակ ասել է. «Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու համար Իրանի հետ համագործակցությունը որպես տարածաշրջանում ազդեցիկ երկրի հետ, կարևոր է և Պարսից ծոցում անվտանգության ցանկացած համագործակցություն առանց Իրանի ներկայության արժեք չունի»։
Իրանը համոզված է, որ կայուն անվտանգության և տարածաշրջանային զարգացման հասնելը հնարավոր կլինի միայն հարևանների համագործակցության և հավաքական մասնակցության շնորհիվ: Այդ շրջանակում, 2019թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանը ներկայացրել է «Հորմուզի խաղաղության» ծրագիրը:
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը կդիտարկվի որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կայունության մոդել։
Ամիր Աբդոլլահյանն անդրադարձել է նաև Իրանի միջուկային հարցին, նշելով, որ Թեհրանը տարածաշրջանի ընկերներին տեղեկացնում է Վիեննայի վերջին բանակցությունների ընթացքի վերաբերյալ, քանի որ նրանք, որպես հարևաններ, իրավունք ունեն տեղեկացված լինել Իրանի և «4+1» խմբի բանակցությունների մասին:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ թեև տարածաշրջանի լարվածությունը դեռևս չի թուլացել, սակայն իրադարձությունները վկայում են այն մասին, որ զարգացումներն ընթանում են դրական ուղղությամբ: