Մեկնաբանություն- Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով
Այսօր, ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի օրն է:
Այսօր աշխարհասփյուռ հայությունը խնկարկելով և ծաղիկներ խոնարհելով, ոգեկոչում է 1915թ. Եղեռնին զոհ գնացած բյուրավոր նահատակների հիշատակը:
Հայերն ապրիլի 24-ին հարգում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Թուրքիայի կառավարությունը միշտ հերքում է այդ իրողությունը և հայտարարում, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որոշ հայկական խմբերի շարունակական ապստամբության պատճառով, օսմանյան կառավարությունը որոշեց բռնի տեղահանել կայսրությունում ապրող հայերին և որդեգրել «գաղթի» քաղաքականություն՝ հայերին ուժի կենտրոններից հեռու պահելու համար։ Բայց հայերի բռնի գաղթի ժամանակ նրանց մի մասը մահացել է գաղթի ճանապարհին՝ ցրտից կամ սովից։ Անկարայի պաշտոնյաները նաև ասում են, որ Օսմանյան կայսրությունում թուրքերի և հայերի միջև քաղաքացիական պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ սպանվել է 350-500 հազար հայ, և նույնքան էլ Օսմանյան կայսրության քաղաքացիներ են զոհվել: Այդ առնչությամբ, անցած տարի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պատրաստակամությունն է հայտնել տարածաշրջանային բանակցություն անցկացնել այդ թեմայի շուրջ: Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով հղած ուղերձում, Նիկոլ Փաշինյանն ասել է.«Երեւանի կողմից ցանկալի երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից, այլ պետք է հիմնված լինի հավասար իրավունքների սկզբունքի վրա»։
Ինչպես ակնկալվում էր, Անկարայի կառավարության պաշտոնատարները բացասաբար արձագանքեցին այդ հայտարարությանը: Քննադատելով հայերի դիրքորոշումը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Հայոց Ցեղասպանության հարցը քաղաքականացվել է: Այս գործողության նպատակն այն էր, որ երրորդ կողմը կարողանա միջամտել Թուրքիայի ներքին գործերին»։
Որոշ քաղաքական անկախ շրջանակներ անսկզբունքային են համարում Անկարայի իշխանությունների դիրքորոշումը հայկական հարցում։ Ակնհայտ է, որ Անկարայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը թուրք ժողովրդի և նույնիսկ պետականության վնասին է։ Հատկապես, որ այս խնդիրն առաջ է ընթանում աշխարհի տարբեր երկրների ավելի մեծ աջակցությամբ։
Ժամանակի հետ անշուշտ, այս պնդումները կարող են անբարենպաստ պայմաններ ստեղծել Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար: Այս առնչությամբ պետք է ասել, որ ԱՄՆ-ի կառավարությունը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, միացավ այն երկրների շարքին, որոնք ընդունում են Հայոց Ցեղասպանությունը:
Թուրքիայի իշխանությունները պետք է որքան հնարավոր է շուտ այս հարցի շուրջ բանակցեն Հայաստանի հետ: Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի կառավարությունը առաջիկա տարիներին չի կարողանա դիմակայել ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրների պահանջներին, որոնց մեծ մասը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցներ են համարվում: Մինչդեռ Անկարայի պաշտոնյաները կարծում են, որ ուժեղացնելով լոբբինգը և բանակցելով արևմտյան հզոր կառավարությունների հետ, կկարողանան հետագայում առաջ տանել Հայոց ցեղասպանության հարցը՝ ի շահ Թուրքիայի: Մինչդեռ Հայաստանին ցուցաբերվող աջակցության մեծ մասը տրամադրում են այն նույն կառավարությունները, որոնք տարբեր կերպ արտահայտում են իրենց բացասական հակազդեցությունը տարածաշրջանում և աշխարհում Թուրքիայի քաղաքականությանը։