Մեկնաբանություն- Բրիտանիայի նորընտիր վարչապետ՝ Լիզ Թրասը և ներքին ու արտաքին մարտահրավերները
Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունը սեպտեմբերի 5-ին, հայտարարեց, որ կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը կլինի երկրի հաջորդ վարչապետը: Գործող արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի և Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի միջև շաբաթներ շարունակ վիճելի մրցակցությունից հետո, 81 հազար 326 ձայնով՝ 60 հազար 399 ձայնի դիմաց հաղթել է Լիզ Թրասը:
Բրիտանիայի նոր վարչապետը բախվում է բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների։ Ներքին հարթությունում իշխող պահպանողական կուսակցությունը Բորիս Ջոնսոնի բազմաթիվ սկանդալների հետևանքով բախվում է կառավարության և պահպանողական կուսակցության առաջնորդների նկատմամբ Բրիտանիայի քաղաքացիների անվստահության ճգնաժամին։ Բացի այդ, նույնիսկ Թրասի ընտրվելուց առաջ ահազանգեր են հնչել նրա կառավարման ոճի մասին։ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթորջենը զգուշացրել էր այդ մասին, երբ հրապարակվեց Լիզ Թրասի մտադրությունը՝ դժվարացնելու անկախության կողմնակիցների հաղթանակը Շոտլանդիայի անկախության վերաբերյալ ապագա հանրաքվեներում: Այս հարցը ցույց է տալիս, որ Թրասը մտադիր է ներքին ասպարեզում քաղաքական, տնտեսական և սոցիալական տարբեր հարթություններում խիստ ծրագրեր իրականացնել։
Ներքին ասպարեզում Լիզ Թրասի համար ամենակարևոր մարտահրավերը Բրիտանիայի տնտեսության աղետալի վիճակն է և անհույս հեռանկարը: Բրիտանիայի տնտեսությունը անկման եզրին է, գնաճի մակարդակը կտրուկ աճում է, և քաղաքացիական ու բարեգործական հաստատությունները զգուշացնում են, որ վառելիքի և սննդամթերքի գների բարձրացման պատճառով, աղքատ և կարիքավոր բնակչության թիվն աճել է: Բրիտանիայի տնտեսությունն այժմ զգում է գնաճի ճնշումը, որն այժմ երկնիշ է, ինչը մեծապես պայմանավորված է վառելիքի գների անսպասելի աճով: Ինչպես բրիտանական արժույթը՝ ֆունտը, նույնպես կտրուկ անկում է ապրել դոլարի նկատմամբ։ Երկուշաբթի օրը դոլարի նկատմամբ ֆունտի փոխարժեքը նվազել է 3%-ով՝ հասնելով մեկ դոլար 14 ցենտի, ինչը վերջին 37 տարվա ընթացքում ամենացածր փոխարժեքն է։ Նորընտիր վարչապետ Լիզ Թրասի տնտեսական քաղաքականության և Անգլիայի բանկի՝ աճող գնաճը վերահսկելու կարողության վերաբերյալ կասկածները ֆունտի արժեքի նվազեցման ազդեցիկ գործոններ են եղել։
Լիզ Թրասը երկուշաբթի օրը խոստացել է կրճատել հարկերը և օգնել քաղաքացիներին էներգիայի գումարները վճարելու հարցում: Նա ասել է.«Ես ներկայացնելու եմ խրոխտ մի նախագիծ հարկերը կրճատելու և տնտեսությունը զարգացնելու համար»:
Բայց արտաքին հարթությունում Բրիտանիայի նոր վարչապետի համար ամենակարևոր մարտահրավերը Ռուսաստանի և Արևմուտքի միջև աճող առճակատումն է տարբեր ոլորտներում, ներառյալ էներգետիկ պատերազմը Ռուսաստանի և Եվրոպայի միջև, ինչպես նաև ուկրաինական պատերազմի նկատմամբ Լոնդոնի դիրքորոշման հարցը, որն այժմ յոթերորդ ամսում է գտնվում։ Իր ավանդական հակառուսական մոտեցման շնորհիվ Բրիտանիան այժմ ունի ԱՄՆ-ին ամենամոտ դիրքերը, որը որպես Արևմուտքի առաջնորդ կարևոր դեր է խաղում Ռուսաստանի դեմ արևմտյան բլոկի լայնածավալ արշավի շարունակման գործում։ Փաստորեն, Լոնդոնը Վաշինգտոնի հետ միասին ամենածավալուն ռազմական և սպառազինական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային և նաև Մոսկվայի դեմ ամենակոշտ դիրքորոշումն է ընդունել միջազգային և եվրոպական հարթակներում: