Վերլուծություն․ Պուտինի և Փաշինյանի ռազմավարական դիմակայությունը
https://parstoday.ir/hy/news/world-i249718-Վերլուծություն_Պուտինի_և_Փաշինյանի_ռազմավարական_դիմակայությունը
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի Բիշքեկում կայացած հանդիպումն ավելին էր, քան սովորական դիվանագիտական հանդիպում։ Այն դարձավ Մոսկվայի և Երևանի միջև առկա ռազմավարական տարաձայնությունների բացահայտման հարթակ։
(last modified 2026-09-02T13:08:01+00:00 )
Սեպտեմբեր 02, 2026 16:36 Asia/Tehran
  • Վերլուծություն․ Պուտինի և Փաշինյանի ռազմավարական դիմակայությունը

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի Բիշքեկում կայացած հանդիպումն ավելին էր, քան սովորական դիվանագիտական հանդիպում։ Այն դարձավ Մոսկվայի և Երևանի միջև առկա ռազմավարական տարաձայնությունների բացահայտման հարթակ։

Այդ տարաձայնությունն այսօր առավելապես վերաբերում է Հայաստանի՝ Արևելքի և Արևմուտքի տնտեսական ու քաղաքական կառույցներում ապագա դիրքավորմանը։ Պուտինը հստակ պահանջեց այս հարցում կողմնորոշվել, մինչդեռ Փաշինյանը շարունակեց փորձել բաց պահել ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական ուղղությունների միաժամանակ պահպանման հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Ռուսաստանի նախագահը հանդիպման ընթացքում ընդգծեց, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը ինքնիշխան իրավունք է։ Սակայն, նրա խոսքով, հնարավոր չէ առանց լուրջ հետևանքների միաժամանակ շարունակել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և շարժվել դեպի եվրոպական տնտեսական կառույցներ։ Մոսկվայի տեսանկյունից՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը փաստացի Հայաստանին տանում է Եվրասիական տնտեսական կառույցից դուրս գալու ուղղությամբ, և այս հարցում անհրաժեշտ է հստակ որոշում կայացնել։
Պուտինի՝ հանրաքվե անցկացնելու առաջարկն, ըստ էության, այդ որոշման պատասխանատվությունը Հայաստանի կառավարությունից երկրի քաղաքացիներին փոխանցելու փորձ է։ Կրեմլը ցանկանում է, որ Երևանը հստակեցնի՝ արդյոք մտադի՞ր է շարունակել մնալ Ռուսաստանի տնտեսական ազդեցության շրջանակում, թե ընտրելու է Եվրոպայի հետ ինտեգրման ուղին։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Մոսկվան այլևս չի ցանկանում երկար ժամանակ պահպանել ստեղծված անորոշ իրավիճակը։
Փաշինյանը, սակայն, իրավիճակին այլ դիտանկյունից է մոտենում։ Հայաստանի վարչապետի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած փոփոխությունները և հակամարտության շրջանի ավարտը փոխել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պայմանները։ Նրա կարծիքով՝ երկու երկրների հարաբերությունները պետք է վերաիմաստավորվեն՝ հաշվի առնելով նոր իրողությունները, իսկ Երևանը պետք է ունենա արտաքին քաղաքականության ավելի լայն ընտրության հնարավորություն։ Այդ պատճառով Հայաստանի կառավարությունն առայժմ խուսափում է Արևելքի և Արևմուտքի միջև ընտրությունը վերջնական երկընտրանքի վերածելուց։
Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Փաշինյանը փորձում է մի կողմից խուսափել Մոսկվայի հետ հարաբերությունների խզումից, մյուս կողմից՝ բաց պահել Եվրամիության հետ համագործակցության ճանապարհը։ Սակայն հիմնական խնդիրն այն է, որ երկարաժամկետ հեռանկարում նման հավասարակշռող քաղաքականությունը կարող է բախվել  տնտեսական ու քաղաքական բևեռների կառուցվածքային իրողություններին։ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրամիությունը պարզապես քաղաքական անվանումներ չեն․ դրանք ներառում են տնտեսական և կարգավորող մի շարք պարտավորություններ, որոնց լիարժեք համատեղումը բավական բարդ է։
Սակայն տարաձայնությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական հարցերով։ Դրանք ներառում են նաև Գյումրիում ռուսական ռազմակայանի ապագան և Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարումը։ Պուտինը, հայտարարելով, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զորքերը, եթե Երևանը դա ցանկանա, փաստացի Հայաստանի վրա դրեց ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ որոշման պատասխանատվությունը։ Երկաթուղային ոլորտում ևս Կրեմլը ներդրումների հարցը կապեց իրական տարանցիկ հոսքերի առկայության հետ։
Ի վերջո, Բիշքեկի հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանի որոշումների վրա ազդելու կարևոր լծակներ ունի, սակայն Երևանը էլ փորձում է ընդլայնել իր մանևրի հնարավորությունները։ Այժմ գլխավոր հարցն այն չէ, թե Հայաստանը համագործակցո՞ւմ է Ռուսաստանի, թե՞ Եվրոպայի հետ, այլ այն, թե որքան երկար կարող է երկուսի միջև շարժվել՝ առանց վերջնական ընտրություն կատարելու։
Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա կարող է դառնալ այս ռազմավարական բանակցության հաջորդ փուլը և երկու կողմերի ճկունության կարևոր փորձությունը։