ԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանի հարավում․ «Թրամփի երթուղի՞», թե՞ Վաշինգտոնի հենակետ Կովկասում
ԱՄՆ ներկայացուցիչների այցը Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզ՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» իրականացման ընթացքն ուսումնասիրելու նպատակով, վկայում է Հարավային Կովկասի ամենազգայուն տարածաշրջաններից մեկում Վաշինգտոնի դերակատարության ընդլայնման մասին։
Տարածաշրջանային տնտեսական զարգացման և հաղորդակցությունների ընդլայնման պատրվակով այս ներկայությունը մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ-ի հնարավոր աշխարհաքաղաքական նպատակների վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով Hamshahri Online-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման շտաբի ավագ խորհրդականը Սյունիքում տեղի պաշտոնյաների հետ քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի հնարավորությունները։
ԱՄՆ պաշտոնյաների այցը Սյունիք, որը սահմանակից է Իրանին, տեղի է ունենում այն պայմաններում, երբ Վաշինգտոնը փորձում է մեծացնել իր դերակատարությունը Հարավային Կովկասի տրանսպորտային և անվտանգության գործընթացներում։ Տարանցիկ երթուղին տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի ներկայության և ազդեցության հարթակի վերածելը կարող է փոխել տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռությունը։
Մյուս կողմից, Ադրբեջանիը Նախիջևանին Հայաստանի տարածքով կապելու ծրագիրը, եթե իրականացվի օտարերկրյա կողմերի մասնակցությամբ և կառավարմամբ, կարող է հանգեցնել տարածաշրջանային հաղորդակցության ուղիներում ԱՄՆ ազդեցության ընդլայնմանը։ Այս հարցը հատկապես կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի Իրանի համար, որը ընդհանուր սահման ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։
Հիմնական մտահոգությունն այն է, որ Վաշինգտոնն, օգտագործելով «խաղաղություն, բարգավաճում և տարածաշրջանային կապակցվածություն» կարգախոսները, կարող է ձգտել ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ մի տարածաշրջանում, որը վերջին տարիներին Ռուսաստանի, Արևմուտքի և տարածաշրջանային դերակատարների մրցակցության թատերաբեմ է դարձել։
Զգայուն տարածաշրջաններում արտաքին ուժերի ներկայության փորձը ցույց է տալիս, որ տնտեսական և տարանցիկ ծրագրերը, քաղաքական ու անվտանգության նպատակների հետ զուգորդվելու դեպքում, կարող են վերածվել ազդեցության գործիքի։ Այս տեսանկյունից՝ ԱՄՆ-ի ներկայության ընդլայնումը Սյունիքում չի կարելի դիտարկել բացառապես որպես տնտեսական և տրանսպորտային համագործակցություն։