Մամուլի տեսություն 15․01․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i191358-Մամուլի_տեսություն_15_01_2023
Չնայած Իրանում ջերմաստիճանի կտրուկ անկմանը և ձմռան խստաշունչ ցրտին, Իրանի քաղաքացիներին գազ մատակարարելու գործընթացում որևէ խափանում չի եղել։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 15, 2023 11:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15․01․2023

Չնայած Իրանում ջերմաստիճանի կտրուկ անկմանը և ձմռան խստաշունչ ցրտին, Իրանի քաղաքացիներին գազ մատակարարելու գործընթացում որևէ խափանում չի եղել։

Իրան

Գազային սուափը երաշխավորում է Իրանի հյուսիսային նահանգների ջերմությունը

Իրանի գազի կառավարման կենտրոնի ղեկավար Ղոլամռեզա Քոշկին ասել է, որ չնայած Իրանում ջերմաստիճանի կտրուկ անկմանը և  խստաշունչ ցրտին, գազամատակարարման գործընթացում խափանում չի եղել, քանի որ գազի սպառման ծավալը դեկտեմբերի սկզբից կենցաղային և առևտրային հատվածներում հասել է 600 մլն խմ-ի., իսկ սպառման առավելագույն ծավալը հինգշաբթի օրը գրանցվել է 685 մլն խմ, որի 80 տոկոսն սպառվել է կենցաղային և առևտրային հատվածներում։

 

Վաթան Էմրուզ

Քիշիդա ինքնասպան եղի՛ր

Աբեի իրավահաջորդը Վաշինգտոնում սպառնացել է  Չինաստանին և Ռուսաստանին

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև լարվածությունը շարունակվելով, շաբաթ օրը ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիշիդային մեղադրել է ԱՄՆ-ին «ամոթալի հնազանդության» մեջ։

«China Morning Post» կայքի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է ՌԴ Ազգային Անվանգության խորհրդի քարտուղարի  տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը՝  ի հակազդեցություն  Քիշիդայի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուրբաթ օրը կայացած հանդիպմանն ու տարածած համատեղ հաղորդագրությանը։

Մեդվեդևն ասել է. «Այս հաղորդագրությունը ցույց է տալիս «պատրանք»  Ռուսաստանի հանդեպ և «դավաճանություն» հարյուր հազարավոր ճապոնացիների նկատմամբ, ովքեր այրվեցին Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռումբի կրակի մեջ։ Նա հավելել է.«Սրա համար Միացյալ Նահանգներից զղջալ պահանջելու փոխարեն Քիշիդան ցույց տվեց, որ ինքը միայն ամերիկացիների ծառան է»։

Մեդվեդևը հավելել է.-« Այս խայտառակությունը կվերանա միայն այն դեպքում, երբ Քիշիդան երկիր վերադառնալուց հետո ճապոնական ոճով ինքնասպանություն գործի կառավարության նիստում»։



Քեյհան

Քաղաքական ցնցում Թել Ավիվի սրտում Տասնյակ հազարավոր մարդիկ Նեթանյահուի կառավարության տապալումն են պահանջել

Թել Ավիվի և Պաղեստինի որոշ այլ օկուպացված քաղաքների կենտրոնական հրապարակը շաբաթ օրը ականատես եղավ Նեթանյահուի բռնապետության և ֆաշիստական ​​ռեժիմի դեմ կարգախոսներ վանկարկողների  ներկայությանը: Սիոնիստների միջև ներքին տարաձայնությունների շարունակմամբ, շաբաթ օրը Թել Ավիվը պատրաստվեց Նեթանյահուի հետ մեծ առճակատման։ Օրեր առաջ Նեթանյահուի ընդդիմադիր սիոնիստ ղեկավարները ոստիկանությանը կոչ էին արել ապահովել Նեթանյահուի դեմ ցուցարարների անվտանգությունը։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Հաբիմա հրապարակում և պահանջում էին վերջ տալ Նեթանյահուի բռնապետությանը։

Էթելաաթ

«Ալ-Արաբի Ալ-Ջադիդ». Ամեն օր մի քանի եմենցի երեխաներ մահանում են խիստ թերսնման պատճառով

  «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթն իր հրապարակած զեկույցում անդրադարձել է Եմենի ժողովրդի ծանր վիճակին սաուդյան կոալիցիայի դաժան ագրեսիայից ութ տարի անց և գրել. «Պատերազմի և պաշարման հետևանքով ամեն օր մի քանի եմենցի երեխաներ մահանում են սովից և սաստիկ թերսնումից։

«Ալ-Արաբի Ալ-Ջադիդը» նշել  է. ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ ավելի քան 23 միլիոն 400 հազար մարդ, այդ թվում՝ 12 միլիոն 900 հազար երեխա, այսինքն՝ Եմենի բնակչության մոտ երեք չորրորդը, հրատապ հումանիտար օգնության կարիք ունի, իսկ  մոտ 2 միլիոն 200 հազար երեխա տառապում է թերսնումից։

 

Armenpress.am

Մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք. Արցախի պետնախարարն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

 Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն՝ անդրադառնալով Արցախում պետական այրերի հնարավոր հրաժարականների մասին շրջանառվող լուրերին։

«Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։

Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:

Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:

Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,- ասված է գրառման մեջ։

Armtime.am

Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թեհրան

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թեհրան։ Այս մասին ասվում է քաղաքապետի համապատասխան որոշման մեջ:

Նշվում է, որ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն Արմեն Գալջյանը, Դավիթ Խաժակյանը, Արմեն Ներսիսյանը, Դավիթ Գևորգյանը, Զարուհի Համազասպյանը, Հովհաննես Նիկողոսյանը, Օֆելյա Սիմոնյանը, Տիգրան Ասատրյանը և Խաչիկ Մկրտչյանը։

Պատվիրակությունը Թեհրանում կգտնվի հունվարի 17–ից 19–ը։

 

News.am

Հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը. Ալեքսանդր  Մարկարովի մեկնաբանությունը

Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման հիմքում պետք է լինի Ալմա Աթայի հայտնի հռչակագիրը, եւ այստեղ որոշակի երկիմաստություն կա այն տեսանկյունից, որ ոմանք պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Ադրբեջանն արդեն հանդես էր գալիս որպես 1918-1920 թվականների առաջին հանրապետության իրավաժառանգորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը, Մարկարովը պատասխանեց. «Ռուս խաղաղապահների մանդատը ունի որոշակի  ժամակագրական հատվածներ, այսինքն մենք ունենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ որի խաղաղապահի ուժերը 5 տարով են, մյուս կաղմից խաղաղապահի ուժերի մանդատն այնքան էլ հստակ չէ եւ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ մինիմալիզացնի այդ մանդատը եւ նրանց ներգրավվածությունը տարբեր կոնֆլիկտներում, որոնք ի հայտ են գալիս շփման գծում: Պարզ է, որ Ադրբեջանը մեծ ցանկություն կունենար ազատվել այս խաղաղապահի առաքելությունից ոչ թե 2025-ին, այլ դրանից առաջ, բայց առայժմ կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որտեղ ժամկետ է նշված մինչեւ 2025-ը: 

Եվ Հայաստանից եւ Արցախից հնչել են գաղափարներ, որ կա  ցանկություն, որ խաղաղապահների ժամկետը լինի 10-15 տարի կամ անժամկետ, բայց ինչպես հիշում եք, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, իսկ դա Ադրբեջանի համար անցանկալի սցենարներից մեկն է: Դրա վրա ազդում է ուկրաինական գործոնը: Շատ անգամ այն, ինչ լինելու է մեր տարածաշրջանում, ազդված է լինելու այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենալու ուկրաինական ճակատում»։

Tert.am

Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլազիգ քաղաքից 25 կիլոմետր հարավ։ Օջախը գտնվում է 17,5 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

Armenpress.am

Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են

Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնում է News 18 հնդկական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ATR 72 ուղևորատար օդանավը կիրակի աղետի է ենթարկվել Պոկխարա քաղաքի հին և նոր օդանավակայանների միջև: Տեղական Yeti Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Կատմանդուից Պոկհարա էր թռչում։ Ինչպես հայտնել Է ավիաընկերության ներկայացուցիչը, ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են։  Նեպալում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ ինքնաթիռում 4 ռուսաստանցի է եղել։

«Ինչպես հայտնում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են»,- հայտնել Է հեռուստաալիքի հաղորդավարը: