Մեկնաբանություն-Անդրադարձ Իրանի արտգործնախարարի Վենեսուելա կատարած այցին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Վենեսուելա կատարած իր այցի և լատինաամերիկյան այս երկրի պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում հանդիպել և խորհրդակցել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։
Այս հանդիպմանը Հոսեյն Ամիր Աբդոլլայանը, անդրադառնալով Նիկոլաս Մադուրոյի Թեհրան կատարած այցին և երկկողմ հարաբերությունների համապարփակ համագործակցության փաստաթղթի ստորագրմանը, կարևոր համարեց համագործակցության ամրապնդման ուղղությամբ երկկողմ փոխըմբռնման հուշագրերի արագ իրականացումը։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության և Վենեսուելայի նախագահները 2022 թվականի հունիսին Թեհրանում ստորագրել էին երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության 20-ամյա փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը ներառում է Իրանի և Վենեսուելայի միջև երկարաժամկետ համագործակցությունը գիտական, մշակութային, զբոսաշրջության, տնտեսական, էներգետիկ, արդյունաբերական և առևտրային ոլորտներում։ Իրանի և Վենեսուելայի միջև երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս Թեհրանի և Կարակասի արտաքին քաղաքականության համատեղելիությունն ու համընկնումը՝ հատկապես ամերիկյան կառավարության պատժամիջոցների և միակողմանի գործողությունների պայմաններում։
Իրանի արտաքին քաղաքականության շրջանակներում Լատինական Ամերիկային նայելը լուրջ ուշադրության է արժանացել, և Իրանի 13-րդ կառավարությունը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, միաժամանակ փորձելով ամրապնդել հարաբերությունները իր հարևանների և տարածաշրջանի երկրների հետ։ Իրանը հայտարարել է, որ ձգտում է ընդլայնել հարաբերությունները նմանատիպ երկրների հետ տարբեր տարածաշրջաններում, ներառյալ Լատինական Ամերիկայում: Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի ղեկավարները հույս են հայտնել խորացնելու իրենց կառավարությունների հարաբերությունները Իրանի հետ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Վենեսուելան, որոնք համարվում են նավթի պաշարներ ունեցող և նավթ արդյունահանող խոշորագույն երկրները, վերջին տասնամյակների ընթացքում նրանք ենթարկվել են միակողմանի և անարդար տնտեսական պատժամիջոցների և այս երկու երկրների նկատմամբ կիրառված պատժամիջոցները պատճառ են դարձել, որ պատժամիջոցների ազդեցության տակ սահմանափակվի այդ երկրների արտարժույթի և եկամտի հիմնական աղբյուրը, այսինքն՝ նավթի վաճառքը։
Այնուամենայնիվ Իրանը և Վենեսուելան պահպանել են իրենց հարաբերությունները էներգետիկայի, արդյունաբերության և գիտության ոլորտներում և վերջին տարիներին, պաշտպանելով իրենց ընդհանուր շահերը Միացյալ Նահանգների միակողմանի և հարկադրական գործողությունների դեմ, նրանք միշտ ընդգծել են բազմակողմանիությանն աջակցելու անհրաժեշտությունը։
Իրանի և Վենեսուելայի տնտեսությունները կարող են լրացնել միմյանց, Վենեսուելային անհրաժեշտ են գիտելիքի վրա հիմնված և միջանկյալ ապրանքներ, արդյունաբերություն, նավթաքիմիական, գյուղատնտեսական գործիքներ և շինանյութեր։ Իրանական ընկերությունները կարող են համագործակցել Վենեսուելայի հետ և բավարարել այս երկրի կարիքները։ Իրանը նաև բախվում է որոշ կլիմայական սահմանափակումների, ինչպիսիք են երաշտը, իսկ Վենեսուելայում բերրի վարելահողերի առկայությունը հնարավորություն կհանդիսանա իրանական ընկերությունների կողմից արտատարածքային մշակման համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է բարձրացնել համագործակցության մակարդակը Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ՝ ելնելով այս երկրի բազմազան կարողություններից։
Իրանի և Վենեսուելայի միջև շարունակվում է համագործակցությունը էներգետիկայի, ՋԷԿ-երի կառուցման, Վենեսուելայի նավթավերամշակման գործարանների վերանորոգման և հիմնանորոգման, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման, տնտեսական, գյուղատնտեսության և պաշտպանական ոլորտներում։
Երկու երկրների պաշտոնյաների հանդիպումները հաստատում են նաև այն փաստը, որ Իրանի և Վենեսուելայի միջև դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները ընթանալու են առաջընթացի և համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Վենեսուելայի նախագահն Իրանի արտգործնախարարի այցը համարեց երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորություն և ասաց. «Մենք պետք է նոր տարին սկսենք ավելի մեծ ուժով և հետամուտ լինենք համագործակցության նախագծերին»։