Մամուլի տեսություն 05․03․2023
Ֆրանսիական թերթերից մեկը գրել է, որ Իրանն առավել քան Ռուսաստանն ու որոշ լատինամերիկյան երկրներ մեծացնում է իր ազդեցությունն աֆրիկյան երկրներում։
Քեյհան
Ֆրանսիական «Էքսպրես» թերթի հոդվածը՝ Իրանի դիվանագիտության և Աֆրիկայում նրա ազդեցության ընդլայնման մասին
«Էքսպրես» շաբաթաթերթը վերլուծական հոդված է հրապարակել՝ Արևմուտքին դիմակայելու նպատակով Աֆրիկայում իր դիրքն ամրապնդելու Իրանի ջանքերի մասին։ Հոդվածում ասված է․-«Իսլամական Հանրապետության տեսանկյունից Աֆրիկյան մայրցամաքը նոր հնարավորություն է իր մրցակիցներին ,և նրանց գլխավորող ԱՄՆ-ին դիմակայելու համար։ Փարիզի քաղաքագիտության դասախոս, իրանական հարցերով հետազոտող Քոլման Թերեմը նշել է,-«Աֆրիկայում Ֆրանսիային և Արևմուտքին դիմակայելը մի տեսակ գաղափարական քայլ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Պաշտոնական Թեհրանը, ինչպես Մոսկվան, հասկացել է, որ կարող է օգտագործել հակաիմպերիալիստական ալիքը՝ Աֆրիկայում միջազգային պատժամիջոցների թիրախում գտնվող նոր դաշնակիցներ ներգրավելու համար»։
Վաթան-ե Էմռուզ
Չինաստան. ԱՄՆ-ն աշխարհի առաջին միջուկային սպառնալիքն է
Չինաստանն ԱՄՆ-ին անվանել է առաջին «միջուկային սպառնալիքն» աշխարհում և Վաշինգտոնին մեղադրել է այլ երկրների նկատմամբ իր ռազմական գերիշխանությունը պահպանելու համար: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը երեկ իր ամենօրյա մամուլի ասուլիսում պատասխանել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով ավագ խորհրդականի վերջին հայտարարությանը։ Ամերիկացի այս պաշտոնյան վերջերս հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պետք է ներդրումներ կատարեն Չինաստանի միջուկային սպառնալիքների նվազեցման համար։ Այս կապակցությամբ տիկին Մաոն ասել է.«Չինաստանին միջուկային սպառնալիք անվանելը հարմար պատրվակ է ԱՄՆ-ի համար՝ ընդլայնելու իր միջուկային զինանոցը և պահպանելու իր ռազմական գերակայությունը»։
Էթելաաթ
«Հաարեց». Նեթանյահուի կառավարությունը ահաբեկչական է, և նրա նպատակը Իսրայելը մասնատելն է
Սիոնիստական «Հաարեց» թերթը հրապարակել է հոդված, որում Սիոնիստական ռեժիմի կաբինետի գործողությունները ահաբեկչական է որակել,իսկ Բենիամին Նեթանյահուին էլ խելագար վարչապետ է անվանել, որը Իսրայելը տանում է դեպի կործանում, մասնատում և փլուզում։
Ջավան
Իսրայելի լրտես լինելը նրան զայրացնում է
Այս անգամ Թեհրանում Ռաֆայել Գրոսսին ստիպված եղավ ցույց տալ, որ ուրախ չէ, որ իրեն «Իսրայելի լրտես» են անվանում։ Իհարկե, նրան ոչ ոք չի ասել, որ դու սիոնիստ լրտես ես, բայց լրագրողը նրան հարցրել է «Իրանի միջուկային լուրերի արտահոսքի» մասին, և այդ արտահոսքը սովորաբար ուղղված է Իսրայելին։ Հաստատելով, որ երկրները փորձում են դա անել, Գրոսսին ասել է, որ ինքը զայրացած է արտահոսքի վերաբերյալ իրեն ուղղվող հարցերից, և որ «Գործակալությունը երբեք չի եղել և չի լինելու քաղաքական գործիք: Ես երաշխավորում եմ, որ գործակալությունը չի աշխատում որևէ երկրի կարգադրությամբ, և մենք գործում ենք թափանցիկ։ Մենք ոչ մեկից պատվերներ չենք ընդունում», ասել է Գրոսսին։
Քեյհան
Foreign Policy. Ռուսաստանը հաղթահարել է Արևմուտքի պատժամիջոցները
«Foreign Policy» ամսագրում լույս է տեսել ամերիկացի վերլուծաբան Նիկոլաս Մալդերի հեղինակած հոդվածը,որում Մալդերն ընդգծել է. «Ռուսաստանն ավելի շատ բիզնես է արել, քան մենք ակնկալում էինք, իսկ այդ ընթացքում օգտագործել է նաև հետադարձ կապուղիներ»: Այս բոլորը միասին պատճառ են դարձել, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները արդյունավետ չլինեն»։
News.am
Արցախում դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից:
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը 《Խայփալու》կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին:
Tert.am
Ամենաուժեղ խոսքը, որ Վազգեն Սարգսյանն ասել է և ես անընդհատ ուզում եմ, որ կրկնվի, հետևյալն է՝ 21–րդ դարը մերն է լինելու․ Արամ Սարգսյան․ 24news.am
Վազգեն Սարգսյանը ոչ թե կորստի, վշտի, այլ հաղթանակների, ձեռքբերումների համախմբման, ուժի խորհրդանիշ է։ Առավոտյան նայում էի համացանցը՝ բազմաթիվ գրառումներ կային, Վազգենից մեջբերումներ, Վազգենը նաև շնորհալի գրող էր, խոսքի, բառի իմաստը հարգող ու գնահատող, և իհարկե, բազմաթիվ ասած լավ խոսքեր ունի, բայց ամենաուժեղ խոսքը, որ Վազգենն ասել է և ես անընդհատ ուզում եմ, որ կրկնվի, հետևյալն է՝ 21–րդ դարը մերն է լինելու։
Այս մասին այսօր Եռաբլուրում՝ Սպարապետի ծննդյան 64–ամյակի կապակցությամբ այցի ժամանակ 24News.am—ի հետ զրույցում ասաց նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը։
«Ես ուզում եմ, որ մենք Վազգենի ծնունդին հավատալով գրենք, որ 21–րդ դարը մերն է լինելու, այնպես ինչպես Վազգենի այդ խոսքին քառօրյա պատերազմում հավատացին Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, կամ Տարոն Անդրեասյանը, ով մեն–մենակ որոշեց չհանձնվել ու գնալ հարյուրապատիկ ավելի թշնամու դեմ, կամ Ալբերտ Հովսեփյանը։ Գիտեք, այս տղերքին ու Վազգենին միավորող մի բան կա՝ սեփական եսը զրոյացնել ու հայրենիքի համար ամեն ինչ անել»,–ասաց Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ 21–րդ դարը մերն անելու համար պետք է այնպես աշխատել Հայաստանի համար, որ այլևս զոհվելու կարիք չլինի․ «Մենք պարտք ունենք անելու, որ այլևս զոհվելու կարիք չլինի»:
Tert.am
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը. Արցախի ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ–ն հայտնում է, որ Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ոստիկանության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։
1lurer.am
Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Դավթյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-27-Ո-91 որոշմամբ ներկայացրած առաջարկությունը.
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում»։
news.am
Հռոմի Պապը Իտալիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել մարդկանց առեւտուրը Միջերկրական ծովում
Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը Իտալիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել մարդկանց առեւտուրը Միջերկրական ծովում եւ ափսոսանք է հայտնել անցյալ շաբաթ իտալական Կալաբրիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի վթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Ես կրկնում եմ իմ կոչը՝ կանխելու նման ողբերգությունների կրկնությունը։ Թող կանգնեցնեն թրաֆիքինգ իրականացնողներին», -ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին ուղղված ամենշաբաթյա ուղերձում։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ դեպքից հետո հայտնաբերվել է 70 դի։ Միգրանտները եկել են Թուրքիայից եւ այնպիսի երկրներից են, ինչպիսիք են Աֆղանստանը, Պակիստանը, Սոմալին եւ Սիրիան։