Մամուլի տեսություն 21․04․2023
Այսօր՝ ուրբաթ, ապրիլի 21-ը՝ oրդիբեհեշթ ամսի 1-ն Իրանի ազգային օրացույցում նշվում է,որպես Իրանցի մեծ բանաստեղծ Սաադի Շիրազիի մեծարման օր:Այս օրը Իրանի անվանի բանաստեղծի ծննդյան օրն է։ Սաադին լավ էր ճանաչում մարդկանց ու մարդկային բնությունը։ Նա բոլորի կողմից սիրված բանաստեղծ է եղել։
Իրան
Իլհամ Ալիևը Ֆեթրի բարեբաստիկ տոնի կապակցությամբ շնորհավորել է Իրանի նախագահին
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալևը հղած ուղերձում , Ֆեթրի բարեբաստիկ տոնի կապակցությամբ շնորհավորել է ԻԻՀ մեծարգո առաջնորդին, հանրապետության նախագահին և ժողովրդին և մաղթել ,որ ծոմապահների պահքը ընդունելի լինի Աստծո կողմից։
Ջամ-ե Ջամ
Այսօր իրանցի մեծ բանաստեղծ Սաադի Շիրազիի ծննդյան օրն է
Պարսկական գրականության բազմաթիվ գլուխգործոցներ թարգմանվել և ուսումնասիրվել են աշխարհի տարբեր լեզուներով։ Իրանցի մեծ բանաստեղծ Սաադիի ստեղծագործությունները, հատկապես նրա «Բուստան», «Գոլեստան» հրաշալի բարոյագիտական, փիլիսոփայական երկերը, որոնք միջնադարյան գրականության ոգին էին, Եվրոպայում ավելի շատ են թարգմանվել ու կարդացվել։ Սաադին բազմաթիվ գրքեր ունի պարսկական մշակույթի և գրականության բնագավառում, բայց նրա երկու հայտնի գրքերը՝ «Բուստանն» ու «Գոլեստանը», հեղինակի գլուխգործոցներն են, որոնք գրվել են չափածո և արձակ։ «Բուստան»-ն ամբողջությամբ չափածո է: «Բուստանի» տասը գլուխների հիմքում ընկած են բարության, սիրո, հեզության, գոհունակության, ողջամտության, ապաշխարության և փառաբանության գաղափարները։Սաադին շատ սիրված բանաստեղծ է։
Էըթեմադ
Իսրայելն ավելի է մոտեցել Իրանին
Իսրայելը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Իրանի հարեւան երկրների շրջանում, իսկ Ադրբեջանի Հանրապետությունից հետո Թել Ավիվի ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքմենստանը։
Times of Israel թերթը Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի այցի մասին գրել է.-«Գաղտնիք չէ, որ Թել Ավիվի և Բաքվի հարաբերությունների հիմնասյուներից մեկը Ադրբեջանի գտնվելու վայրն է Իրանի հյուսիսային սահմանին։ Իսրայելն իր նավթի ավելի քան 30 տոկոսը գնում է Ադրբեջանի Հանրապետությունից, որտեղ մուսուլմանական բնակչության մեծամասնությունը շիաներ են։ Բաքվում Էլի Քոհենի ծրագրերի թվում էր նաև Ադրբեջանի հրեական համայնքի հետ հանդիպումը։
Ջավան
Վերջին 20 տարում գործազրկության մակարդակի աննախադեպ նվազում և աշխատատեղերի թվի աճ է գրանցվել Իրանում
Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի տեղակալը հայտարարել է,-«Իրանում վերջին 20 տարում գործազրկության մակարդակը աննախադեպ նվազել և զբաղվածների ընդհանուր թիվն աճել է, ինչը ռեկորդային է։ Հաշվողական բոլոր համակարգերի արդյունքները ցույց են տալիս, որ անցած տարի ստեղծվել են ավելի քան մեկ միլիոն աշխատատեղեր»:
News.am
Իմանգալի Տասմագամբետովն հայտարարել է ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերի մասին
Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են ակտուալ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն Ռուսաստանի պետական մարմինների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ հանդիպմանը, փոխանցում է «Ուզինֆորմ» գործակալությունը։Իրավիճակը Հարավային Կովկասում, ըստ նրա, մնում է բարդ և պայթյունավտանգ։
Նա նշել է, որ կազմակերպության արևմտյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի աննախադեպ աճ է տեղի ունենում Բալթյան երկրներում և Լեհաստանում, ավելի ու ավելի հզոր սպառազինության համակարգեր են մատակարարվում, և արտատարածաշրջանային ուժերը ակտիվորեն ներգրավված Ուկրաինայում և դրա շուրջ հակամարտությունում։«Կենտրոնական Ասիայում Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների և սպառնալիքների խնդիրը մնում է արդիական, որտեղ ամրապնդվում են տարբեր ահաբեկչական խմբավորումների դիրքերը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական արտադրության և տարածման հետևում կանգնած ուժերը», - ասել է Տասմագամբետովը։
Նրա խոսքով, ընդհանուր իրավիճակը ավելի է բարդանում անվտանգության միջազգային պայմանագրերի խաթարված համակարգի պատճառով։
«Բացի այդ, ՀԱՊԿ դաշնակիցները գրեթե ողջ ճակատում գտնվում են Միացյալ Նահանգների գլխավորությամբ հավաքական Արևմուտքի կողմից ուժեղ պատժամիջոցների և քարոզչական ճնշման տակ: Մարտահրավերների բնույթը պահանջում է համակարգված միջոցներ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից՝ ուղղված կազմակերպության պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասել է Տասմագամբետովը։
Ամենաարդյունավետ միջոցներից մեկը կլինի հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների ռազմավարական կանխատեսումը և կազմակերպության գործունեության վերլուծական աջակցությունը, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
«Կազմակերպությունում ավելի ու ավելի է զգացվում իրավիճակի զարգացման միտումները կանխատեսելու անհրաժեշտությունը, ինչպես իր պատասխանատվության ոլորտում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Պետք է ավելի օբյեկտիվ գնահատել իրադարձությունները, բացահայտել միտումները, հաշվարկել դրանց հետևանքները և գործել ակտիվ»,- եզրափակեց նա։
Armenpress
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Armenpress.am
Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան․ Կառավարությունն ընդունեց նախագիծը
Հայաստանի կառավարությունն ընդունեց կանանց 6-ամսյա ժամկետով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն ընձեռող նախագիծը, որը կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը։
Նախագիծը ՀՀ կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Նախագծով նախատեսվում է ներդնել իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։
Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Նախագծով կարգավորվում են դիմում ներկայացնելու ժամկետներն այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել նրանց զինվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Պապիկյանը։
Tert.am
Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։
Հաղորդում է Ermenihaber-ը։
Նահանգապետարանի այդ արգելող որոշումից հետո «Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը հայտարարություն է տարածել. «Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս մեր հիշատակի միջոցառումն արգելելու որևէ խելամիտ հիմնավորում չկա։ Անընդունելի է այս միջոցառման արգելումը, որի ընթացքում խաղաղ կերպով և հանգիստ հիշատակում ենք նրանց, ում կորցրել ենք 1915 թվականին։
Եվ սա այն դեպքում, երբ 1915թ․ սպանվածներին ատելությամբ հիշատակող շրջանակները, զանգվածաբար սպանված հայերի և ասորիների թոռներին թիրախավորողները, ցեղասպանությունը ժխտողները, փոքրամասնություն դարձած ժողովուրդներին ատելության խոսքով թշնամացնողներն իրենց ձեռքերը թափ տալով շրջում են, կամ էլ ռասիստական հավաքներ և ցույցեր անցկացնում։
1915-ին առերեսվելը պատրադիր քայլ է, որը պիտի արվի այսօր ժողովրդավարության, հավասարության ու եղբայրաբար միասին կյանքն առողջ հիմքերի վրա կառուցելու համար։ Առանց առերեսման ոչ մի ժողովրդավարական քայլ մնայուն, ոչ մի հասարակական հարաբերություն հավասար չի կարող լինել։ Նահանգապետարանը, արգելելով մեր հիշատակի միջոցառումը, բացահայտ ցույց է տալիս, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային։ Մենք կոչ ենք անում նահանգապետարանին հրաժարվել իր այդ որոշումից»։
Նշենք, որ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովն այս տարի ևս, ինչպես ամեն տարի, պատրաստվում է հիշատակի միջոցառում անցկացնել Սուլթանահմեդում։ Հանձնաժողովն ապրիլի 24-ին՝ ժամը 12։00-ին, Սուլթանահմեդում գտնվող թանգարանի դիմաց մամուլի հայտարարությամբ է հանդես գալու:
Tert.am
Ադրբեջանի հոգևոր առաջնորդն արձագանքել է Գարեգին Բ-ի՝ Արցախի մասին հայտարարությանը
Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն արձագանքել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի երեկվա հայտարարությանն առ այն, որ Արցախը չի կարող պատկերացնել Ադրբեջանի կազմում: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի մեր ժողովրդի: Մենք ամեն ջանք պետք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը», - ասել էր Հայրապետը:
Սրան ի պատասխան Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նշել է, որ Հայոց Կաթողիկոսն արել է «հոգևորականի համար անընդունելի» (չակերտները՝ Tert.am) հայտարարություններ:
«Կրոնական անձինք պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն. կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է: Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում», - ասել է Փաշազադեն։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս կհակազդի Եկեղեցին, եթե իշխանությունը որոշի գնալ խաղաղության պայմանագրի կնքման, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխանել էր.«Մենք ներկայացրել ենք մեր վերաբերմունքը Արցախի հիմնախնդրի ու կարգավիճակի վերաբերյալ։ Կարծում եմ մեր ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ։ Խաղաղության պայմանագրի հոդվածներին, կետերին մենք ծանոթ չենք և այդ առնչությամբ կարծիք չենք կարող հայտնել: Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մեր ժողովուրդը ի գին ամեն զոհողության պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը»: