Մեկնաբանություն Ղազախստանի վարչապետն այցելել է Իրան
Չորեքշաբթի օրն Իրան է այցելել Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը:
Ղազախստանի վարչապետի Իրան այցից մեկ օր առաջ, ԻԻՀ Առևտրի պալատում կայացել է երկու երկրների գործարար համաժողովը։ Երկուշաբթի օրն իրանցի և ղազախ գործարարներն Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունում խորհրդակցել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման շուրջ:
Վերջին տարիներին քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում Իրանի և Ղազախստանի հարաբերությունները զարգանում են: Երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը, բազմակողմ հանդիպումներում կողմերի միջև խորհրդատվությունը և ընդհանուր շահերի հիման վրա համագործակցությունը տարածաշրջանային ու միջազգային ֆորումներում:
Բացի քաղաքական և տարածաշրջանային համագործակցությունից, երկու երկրների իշխանություններն արդյունավետ բանակցություններ են ունեցել նաև երկաթուղային, ճանապարհային և օդային համագործակցության զարգացման ուղղությամբ, և այդ նպատակների իրագործումը կարող է մեծացնել Իրանի և Ղազախստանի արդյունավետ դերը տարածաշրջանում։
Վերջին տարիներին երկու երկրների համագործակցության առանցքը եղել է միջազգային տարանցումը և փոխադրումները: 2003 թվականից Ղազախստանը միացել է Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքին, որի առանցքային անդամներից է Իրանը: Ավելի ուշ Ղազախստանը ցանկություն հայտնեց ներդրումներ կատարել Իրանի Չաբահար ռազմավարական նավահանգստում։
Ղազախստանը դեպի ծով ելք չունի և պետք է օգտվի այլ երկրների հնարավորություններից՝ համաշխարհային շուկա մուտք գործելու համար: Հարավից, Իրանի միջոցով, Ղազախստանը կարող է առևտուր անել Պարսից ծոցի, Հնդկական թերակղզու, Աֆրիկա մայրցամաքի, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների հետ: Նավահանգիստների և երկաթուղային ու ցամաքային միջանցքների շնորհիվ, Իրանը կարող է կամուրջ լինել Ղազախստանից Եվրոպա, Չինաստան կամ Պարսից ծոցի երկրներ ապրանքնեի տարանցման համար: Հետևաբար, տարանցման հարցն Իրան-Ղազախստան համագործակցության կարևոր առանցքներից է։
Իրանի համար Ղազախստանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնումը կարող է հիմք հանդիսանալ ինչպես այդ երկրի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում կայուն ներկայության համար:
Եթե ապահովվեն համապատասխան ենթակառուցվածքները և լուծվեն դրամական փոխանցումների և երկարաժամկետ բիզնես վիզաների խնդիրները, երկու երկրների մասնավոր հատվածը կարող է համագործակցել նաև արդյունաբերական ապրանքների արտահանման, տեխնիկական և ինժեներական ծառայությունների, գիտական համագործակցության և զբոսաշրջության ոլորտներում։
Ներկա դրությամբ Իրանի և Ղազախստանի միջև առևտրային փոխանակումների ծավալն այնքան էլ տպավորիչ չէ՝ համեմատած երկու երկրների կարողությունների հետ: Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարության կառավարման և ռեսուրսների զարգացման փոխտնօրեն Հոշանգ Մոհամմադին ասում է. «2022 թվականին Իրանի և Ղազախստանի միջև փոխանակումների արժեքը կհասնի 528 միլիոն դոլարի: Այդ ընթացքում Իրանի արտահանման մասնաբաժինը կազմել է մոտ 210 միլիոն դոլար, իսկ Ղազախստանինը՝ 318 միլիոն դոլար»։
Մինչդեռ Թեհրանն ու Աստանան երկկողմ տնտեսական հարաբերություններում սահմանել են 3 միլիարդ դոլարի վերին շեմ, որի իրագործումը պահանջում է տարբեր ոլորտներում առկա խոչընդոտների վերացում։
Ակնկալվում է, որ Ղազախստանի վարչապետի Թեհրան այցի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք կբերվեն առևտրում խոչընդոտների վերացման, ինչպես նաև համագործակցության մակարդակի բարելավման վերաբերյալ, այդ թվում՝ տրանսպորտի, տեխնիկական և ինժեներական ծառայությունների, տարանցման, էներգետիկայի և բանկային ոլորտներում։