Մամուլի տեսություն 15 օգոստոսի, 2023 թ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204586-Մամուլի_տեսություն_15_օգոստոսի_2023_թ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը, անդրադառնալով Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչությանը, ասել է. Ստոր թշնամու նպատակներից են կրոնական ու էթնիկական տարաձայնությունները և հարևան պետությունների միջև անջրպետի ստեղծումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2023 15:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15 օգոստոսի, 2023 թ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը, անդրադառնալով Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչությանը, ասել է. Ստոր թշնամու նպատակներից են կրոնական ու էթնիկական տարաձայնությունները և հարևան պետությունների միջև անջրպետի ստեղծումը։

Ջամե Ջամ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ. Շահչերաղի ահաբեկչության հետևում կանգնած են բազմաթիվ օտարերկրյա հատուկ ծառայություններ:

 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն ասել է. «Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են բազմաթիվ օտարերկրյա հատուկ ծառայություններ։ Վերջին լուրերի համաձայն՝ Շիրազի Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված ահաբեկիչը Իրանի հարեւան երկրի քաղաքացի է։»։

Շիրազի Շահչերախի սրբավայրի միջադեպին ներգրավված մի շարք կասկածյալներ ձերբակալվել են։ Շահչերաղի ահաբեկչությունից հակառակորդը բազմաթիվ նպատակներ է հետաապնդում. Ստոր թշնամու նպատակներից են Կրոնական և էթնիկական տարաձայնությունների առաջացումը և հարևան երկրների միջև անջրպետի ստեղծումը ։

 

Վաթան Էմրուզ

«Մահ Ֆրանսիային» բացականչությունները Աֆրիկայում

Նիգերի հեղաշրջման կողմնակից հազարավոր ցուցարարներ ռազմաբազայի մոտ հավաքի ժամանակ վանկարկել են հակափարիզյան լոզունգներ՝:

Անգլիական DailyTelegraph թերթը մի հոդվածում ձախողված է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունը կապված Աֆրիկայի հետ և զգուշացրել է, որ Ֆրանսիան կանգնած է աֆրիկյան ասպարեզից անհետանալու վտանգի առաջ։ Աֆրիկայում վերջին տարիների զարգացումների հետևանքների մասին հոդվածում, որը ներառում է նաև այս մայրցամաքի արևմտյան մի շարք երկրներում, այդ թվում՝ Մալիում, Նիգերում տեղի ունեցող հեղաշրջումների ազդեցությունը Աֆրիկայում Ֆրանսիայի քաղաքականության ու դիրքի վրա, բրիտանական DailyTelegraph-ը գրում է. «Նիգերում Հեղաշրջումից հետո ֆրանսիացի բարձրաստիճան քաղաքական գործիչները զգուշացնում են, որ Ֆրանսիան այժմ կանգնած է Աֆրիկայի ասպարեզից անհետանալու վտանգի առաջ՝ Էմանուել Մակրոնի՝ Աֆրիկայի նկատմամբ ձախողված քաղաքականության պատճառով:»

 

 

Քեյհան

Իսրայելը զարիվայրի վրա չէ, այլ կազմաքանդվում է. Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանի պատգամավոր

Իսրայելի ռեժիմում ներկայիս խառնաշփոթն ու ճգնաժամը, որն առաջացել է Նեթանյահուի գործողությունների և ծրագրի ազդեցության հետևանքով, Թել-Ավիվին կանգնեցրել է անլուծելի փակուղու առջև։ Սիոնիստական ​​Քնեսեթի պատգամավոր Ռամ Բեն Բարաքն այս մասին ասել է.«Մենք ժայռի ու զառիվայրի վրա չենք, այլ անկում են կատարում դեպի անդունդի հատակը և կազմաքանդվում ենք:»

Ինը ամիս առաջ՝ ընտրությունների գիշերը, սիոնիստները բախվեցին ծայրահեղ աջակողմյան կողմնորոշում ունեցող կաբինետին՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ: Նրանցից շատերը այն կարծիքի էին, որ այս Նեթանյահուն նման է լինելու նախորդ տարիների նույն Նեթանյահուին, սակայն մեկ օր անց պարզ դարձավ, որ իր տարիքի կամ իր համառության պատճառով Նեթանյահուն նախկինի պես չունի անհրաժեշտ վերահսկողությունն ու կամքը խնդիրների նկատմամբ, և պարզապես վարչապետի անունն է կրում:

 

 

Էթելաաթ

Ուկրաինան կասետային զենքերով հարձակվել է Դոնեցկի վրա.

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (որը նախկինում եղել է Ուկրաինայի կազմում, սակայն հանրաքվեի անցկացումից հետո Ռուսաստանն այն կցել է իր տարածքին) հայտարարել է, որ ուկրաինական ուժերը Դոնեցկ քաղաքը թիրախավորել են 155 մմ տրամաչափի երկու կասետային արկերով։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հայտարարության մեջ ասվում է. Ուկրաինայի զինված ուժերն այս հրետակոծությունն իրականացրել են առավոտյան ժամը հինգին Դոնեցկ քաղաքի Նետիլովո բնակելի թաղամասում, որի ընթացքում արձակվել է 155 մմ տրամաչափի երկու կասետային ռումբ։ Ասում են, որ Ամերիկան ​​և արևմտյան երկրներն են Կիևին տրամադրել 155 մմ տրամաչափի այս արկերը։

 

Panorama.am

ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ տեղեկությունը

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ՀՀ պաշտպանության նախարարության ավելի վաղ տարածած տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը Վերին Շորժայի հատվածում կրակել է դիտորդություն իրականացնող ԵՄ պարեկների ուղղությամբ։

«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել։ Մենք պարեկություն ենք իրակամացնում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», - նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունից ավել վաղ հայտնել էին. «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

 

News.am
Եթե ​​չլիներ Սոլեյմանիի քաջությունը. Ադրբեջանում Իրանի դեսպանը պատասխանել է բրիտանացի դիվանագետին.

Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին պատասխանել է Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված Մեծ Բրիտանիայի դեսպանի թվիթին, որում նա Շահ-Չերագ դամբարանում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է բռնություն ժողովրդի նկատմամբ։

«Պարոն դեսպա՛ն, ահաբեկչությունը փոքրացնելը՝ այն անվանելով բռնություն կամ միջադեպ, գալիս է նրանից, որ դուք՝ արևմուտքցիներդ, ահաբեկչությունը բաժանում եք լավի և վատի: Լոնդոնում դանակահարությունն ահաբեկչություն անվանելով՝ դուք աչք եք փակում ահաբեկչության վրա։ Հիշեք նաև, որ եթե չլիներ մեր գեներալ Սոլեյմանիի խիզախությունը, դուք ստիպված կլինեիք ամեն օր դիակներ հավաքել Լոնդոնի փողոցներում»,- ասել է իրանցի դիվանագետը, հաղորդում է IRNA-ն:

Ավելի վաղ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը ցավակցություն էր հայտնել զոհվածների ընտանիքներին՝ Շիրազում տեղի ունեցած «միջադեպի» կապակցությամբ։

Կիրակի երեկոյան ահաբեկիչը հրազենով ներխուժել է Շահ-Չերագի դամբարան ու մուտքի մոտ սկսել կրակել ուխտավորների ու սպասավորների վրա։ Հարձակման արդյունքում երկու մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել։

 

Panorama.am

Ադրբեջանը փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Օգոստոսի 15֊ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ  ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։

Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները,  ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում,  կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն»։ 

 

Tert.am

Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ Արցախում ստեղծված իրավիճակին. Արայիկ Հարությունյան

 

Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Միջազգային ԶԼՄ-ները իրենց նյութերում արծարծում են ինչպես Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը և գնահատականները, վաղը կայանալիք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս իրավիճակի քննարկումը, այնպես էլ ներկայացնում են Արցախի իշխանությունների և հանրության կողմից տրված փաստերն ու տեսակետները:

Այսօր հեղինակավոր «Financial Times» լրատվականը ևս անդրադարձել է պաշարված Արցախի 120,000 բնակչության խնդիրներին, ինչպես նաև իրավիճակի հնարավոր զարգացումներին:

Իմ խոսքերից լրատվամիջոցը մեջբերել է մի հատված. «շրջափակումը հանգեցրել է սննդի պակասի, քանի որ սննդամթերքի 90 տոկոսը սովորաբար ներմուծվում էր Հայաստանից։ Վառելիքի մեծածավալ պակաս կա: Առողջապահությունը և այլ անհրաժեշտ ծառայությունները մեծ դժվարությամբ են աշխատում։ Դեղորայքը սպառվել է՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը»:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին՝ նյութում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը:

Մենք, մեր գործընկերներն ու բարեկամները շարունակում ենք հետևողական ջանքերը՝ բարձրացնելու իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը և ճնշումն

Ադրբեջանի հանդեպ՝ ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման նպատակով»,- նշված է գրառման մեջ:

 

Armenpress.am

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը պետք է առաջնային նպատակներից մեկը լինի:

Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ ահաբեկչությունն ազգություն ու սահմաններ չունի, եւ Հայաստանի ու Իրանի բարեկամության հիմքում է նաեւ ահաբեկչական ակտերին անմիջապես դատապարտողական արձագանք տալը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ դիվանագետի աշխատանքի ձախողումը վտանգում է ամբողջ երկիրը եւ մեծ հույս ունի, որ բարեկամ Հայաստանում իր առաքելությունը կպսակվի հաջողությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր  ջանքերը կներդնի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը՝ շեշտը դնելով օրենսդրական փոխգործունեության եւ ծագող հարցերին օպերատիվ լուծումներ տալու խորհրդարանական հնարավորությունների վրա:

Առանձնակի կարեւորվել է հայ-իրանական բարեկամական միջխորհրդարանական համագործակցությունը, որի շարունակական զարգացման գործում մեծ դերակատարում ունեն փոխադարձ այցերը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ջերմորեն է հիշում նախորդ տարի Թեհրան կատարած արդյունավետ պաշտոնական այցը՝ նշելով, որ սպասում է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին: ԱԺ խոսնակը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր ճգնաժամին՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Նա շեշտել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: