Մեկնաբանություն- Նոր լարվածություն ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հարաբերություններում
2021 թվականի հունվարին ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո Վաշինգտոնի և Թել Ավիվի հարաբերությունները ենթարկվել են բազմաթիվ փորձությունների։ Այս հարցը սրվել է այն բանից հետո, երբ 2023 թվականի հունվարին իշխանության եկավ Սիոնիստական ռեժիմի աջակողմյան վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով գլխավորում է ռեժիմի աջ ծայրահեղական նախարարներից կազմված կաբինետը։
Այն բանից հետո, երբ Բայդենը դեմ արտահայտվեց Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումների հաստատմանը, Նեթանյահուի կառավարության պաշտոնյաները քննադատեցին Վաշինգտոնին` Իսրայելի ներքին գործերին միջամտելու համար: Սա այն դեպքում, երբ վերջին օրերին լայնածավալ բանավեճեր են տեղի ունեցել ամերիկացի և իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների միջև։Սիոնիստական ռեժիմի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը քննադատել է Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն ու գործողությունները և Վաշինգտոնին մեղադրել է երկերեսանիության ու մարդու իրավունքների խախտման մեջ: Սմոտրիչն ասել է.-«Ես չեմ խոսում Աֆղանստանում և Իրաքում ամերիկացիների և նրանց գործողությունների մասին։ Նրանք չպետք է մեզ քարոզեն մարդու իրավունքների մասին: Նրանք չպետք է քարոզեն ոչ Իսրայելի բանակին, և ոչ մեզ՝ քաղաքական մակարդակով, դա ուղղակի կեղծավորություն է»:
Սմոտրիչն այդ հայտարարություններն արել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դատապարտել է պաղեստինցիների մասին Իսրայելի ազգային անվտանգության աջ ծայրահեղական նախարար Իտամար Բեն-Գվիրի արտահայտությունները, դրանք որակելով «ռասիստական հռետորաբանություն»: Չնայած Միացյալ Նահանգների դատապարտմանը, Բեն Գվիրը ոչ միայն ներողություն չխնդրեց իր խոսքերի համար, այլև ասաց. «Ես ոչ միայն հետ չեմ վերցնում իմ խոսքերը, այլև մեկ անգամ ևս ասում եմ՝ խաղաղ տուն վերադառնալու և Հորդանան գետի ափով քայլելու մեր իրավունքն ավելի մեծ է, քան Հորդանան գետի արևմտյան ափին ապրող պաղեստինցիների ազատ տեղաշարժի իրավունքը»:
Սիոնիստական «Եդիոտ Ահրոնոտ» թերթը Վաշինգտոնի և Թել Ավիվի չորս հիմնական խնդիրների առնչությամբ գրել է.-«Իրանի միջուկային դոսիեն, Պաղեստինի հարցը, Ուկրաինայի պատերազմը և դատաիրավական բարեփոխումների ծրագիրը չորս հիմնական խնդիրներն են, որոնք վերջին շրջանում խորացել են երկու կողմերի միջև»:
Կարևորն այն է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև առկա լարվածությունը մարտավարական մակարդակի վրա է, և ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմավարական հարաբերությունները միշտ պաշտպանվել են ԱՄՆ նախագահների կողմից։ Մասնավորապես, Սիոնիստական ռեժիմի աճող ռազմական հզորացումը և ինքնապաշտպանության պատրվակով պաղեստինցիներին ճնշելու և սպանելու հարցում այդ ռեժիմին ցուցաբերվող համակողմանի աջակցությունն առաջնային տեղ են գրավում Իսրայելի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության մեջ: Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի անվտանգության պահպանման նկատմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնառությանը, հայտարարել է,-«Մենք կաջակցենք Իսրայելին,որպեսզի ձեռք բերի իրեն անհրաժեշտ գործիքները՝ ինքնապաշտպանության համար»։
Ուրեմն պետք է ասել, որ չնայած Բայդենի կառավարության և Նեթանյահուի կառավարության միջև առկա լարվածությանը և բանավոր հարձակումներին և նույնիսկ Իսրայելի գործողությունների առերևույթ դատապարտմանը, Վաշինգտոնի իրական և գործնական քաղաքականությունը ցանկացած պարագայում Սիոնիստական ռեժիմին լիովին աջակցելն է։