Մամուլի տեսություն 03․09․2023
The Wall Street Journal-ն իր հրապարակել է զեկույց, որում անդրադառնալով աշխարհում բնական ռեսուրսների ու պաշարների առումով Իրանի՝ հինգերորդ հորիզոնականում գտնվելուն, այդ ռեսուրսները համարել է, որպես Իրանի հաղթաթուղթ և Իսլամական Հանրապետության թաքնված գանձեր:
Դոնյայե Էղթեսադ
Իրանի թաքնված գանձերը
Աշխարհում առկա օգտակար հանածոների և բնական ռեսուրսների վերաբերյալ իր վերջին զեկույցում Wall Street Journal-ն աշխարհում օգտակար հանածոների պաշարներ ունենալու առումով, Իրանին դասել է հինգերորդ տեղում: Տնտեսական բնականոն կառավարման համակարգում բնական ռեսուրսները պետք է դառնան տնտեսական աճի և զարգացման շարժիչ ուժ:
Քեյհան
Թել Ավիվի փողոցներում ընթացող մարտերի հետևանքով վիրավորվել է 140 սիոնիստ, այդ թվում՝ 40 սպա
Ծագումով եթովպացի և էրիթրեացի սևամորթները բողոքի նոր ալիք են բարձրացրել սիոնիստական հասարակության մեջ և ցույցեր անցկացնելով Թել Ավիվի փողոցներում՝ կրկին անկարգություններ են առաջացրել Սիոնիստական ռեժիմի կենտրոնում և փողոցները վերածել են ոստիկանության ու ցուցարարների միջև պատերազմի դաշտի։ Կան մեծ թվով վիրավորներ։
Սիոնիստական ռեժիմի կենտրոն Թել Ավիվը չի պատրաստվում խաղաղության երես տեսնել։ Երեկ Թել Ավիվից արված նկարները ցույց են տալիս, որ Սիոնիստական ռեժիմի կենտրոնի փողոցները նմանվել են պատերազմական գոտու, և նույնիսկ որոշ մայթերին ցուցարարները պատնեշ են ստեղծել ոստիկանական ուժերի առջև։
Ջավան
ՄԱԳԱՏԷ-ին զարմացրել է Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտում կանանց 40 տոկոսանոց ներկայությունը
Անդրադառնալով Իրանի միջուկային գիտելիքների ոլորտում կանանց 40 տոկոսանոց ներկայությանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է,-«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Իրան կատարած իր վերջին այցի ընթացքում տեսնելով մեր երկրի միջուկային արդյունաբերության ոլորտում գիտնական կանանց ներկայությունը զարմացել էր,որ Իրանի միջուկային արդյունաբերության կարևոր մասը ղեկավարվում է կանանց կողմից»:
Էըթեմադ
Բայդենին իմպիչմենտ է սպասում
Երբ Բայդենը փոխնախագահ էր, տարիներ շարունակ էլեկտրոնային նամակներում երեք կեղծ անուններ էր օգտագործում և այդպիսով աջակցում էր իր որդուն միջազգային բիզնես գործարքներում և հարաբերություններում:
Նամակների մի մասը վերաբերում էր Բայդենի որդու հաճախորդներին։ Բայդենը նախկինում ստել էր, որ չգիտեր այդ գործարքների մասին, մինչդեռ այս նամակները կարող են բացահայտել նրա ներգրավվածությունն այդ գործարքներում:
Քանի որ Բայդենների ընտանիքի ֆինանսական կոռուպցիայի մասին նոր մանրամասներ են բացահայտվում, հանրապետականները փորձում են իմփիչմենթի գործընթաց սկսել Ջո Բայդենի դեմ»։
Ջավան
Համալսարանների դասախոսների վտարումը արևմտյան ոճով
Ներկայացվել է ԱՄՆ-ի համալսարանների աշխատանքից ազատված ավելի քան 84 դասախոսների երկար ցուցակ։ 2006-ից 2020 թվականների ընթացքում այս ամերիկացի դասախոսները հեռացվել են աշխատանքից տարբեր պատճառներով, այդ թվում իրենց թվիթերյան միկրոբլոգներում սիոնիստների,հոլոքոստի, միասեռականության և աթեիզմի դեմ կամ նույնիսկ հումորային գրառումների պատճառով:
Armenpress.am
Եթե Հայաստանը և Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, խաղաղություն երբեք չի լինի․ Փաշինյան
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի առաջ մղվի խաղաղության օրակարգն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե խաղաղության բանակցություններն ի՞նչ փուլում են հիմա, որքանո՞վ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի, վարչապետը պատասխանել է․
«Շատ դժվար է գնահատել, որովհետև սկզբից մենք լավ առաջ ընթացանք այն պատճառով, որ կենտրոնացել էինք հիմնականում այն հոդվածների վրա, որոնց շուրջ հակասությունները կարող են և այնքան մեծ չլինել, բայց ինչքան ավելի շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները՝ սրանից բխող հետևանքներով: Բայց մյուս կողմից, մեր կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ մղվի, և մենք փորձում ենք ամեն ինչ անել ռեալ առաջընթաց ունենալու, ավելի ճիշտ ոչ թե առաջընթաց, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Եվ այստեղ կարևոր են ոչ միայն այն պրոցեսները, որ բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որ տեղի են ունենում հրապարակային»:
Անդրադառնալով հարցին՝ Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր, Նկոլ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, համենայնդեպս, այդպես է եղել 2018 թվականից հետո: «Եվ այսօր էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:
Փաշինյանը հստակեցրել է, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն:
Armenpress.am
Ադրբեջանական ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ թիրախավորելով ջրատար մեքենան․ կա մեկ վիրավոր
Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
Ինչպես «Արմենպրես» -ը տեղեկանում է ԱՀ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 15։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
News.am
Իսրայելը շատ ակտիվ զինում է Ադրբեջանին. տարածաշրջանում ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է. Հովհաննիսյան
Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել:
«Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը։ Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել։
Սա ցուցիչ է նրա մասին, որ տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է:
Այսօր կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան։
Քանի որ իսրայելական «Օվդա» ավիաբազայից են թռնում Ադրբեջան վայրԷջք կատարող ինքնաթիռները, ապա վստահորեն կարող ենք ասել, որ տեղափոխվում է զենք-զինամթերք։
Պետք է նշեմ, որ «Օվդա»-ն, որը տեղակայված է Իսրայելի հարավային, առավել անապատային հատվածում, Իսրայելի միակ օդանավակայնն է, որտեղով օդային ճանապարհով պայթուցիկ նյութեր են փոխադրվում ։
Նաև հատկանշական է, որ այս ավիաբազա կարող են վայրէջք կատարել սահմանափակ թվով ավիաընկերություններ, որոնց մեջ է նաև ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունը․․․»,- գրում է նա։
Tert.am
Կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Նիկոլ Փաշինյան
La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Կարծում եմ՝ շատ կարևոր է հասկանալ, թե որն է Ռուսաստանի՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու քաղաքական դրդապատճառը։ Երբ խոսում էիք Ձեր ռուս գործընկերների հետ, տեսնում էիք, որ ռուս խաղաղապահները չէին իրականացնում իրենց պարտականությունները, ի՞նչ էին նրանք Ձեզ ասում։ Չե՞ք հարցրել նրանց, թե ինչու են նրանք հնարավորություն տալիս Ադրբեջանին դե-ֆակտո վերահսկել այս տարածքը, ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ չեք միջամտում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, մենք խոսակցություն ունենում ենք այդ թեմայով մեր ռուս գործընկերների հետ: Եվ անկախ այդ խոսակցությունից, իհարկե, մենք մեր վարկածներն ունենք: Եվ երբ խոսում ենք այդ վարկածների մասին, նաև Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ մղում են պատմական զուգահեռների:
Օրինակ, մեր տարածաշրջանը տեսել է այդպիսի իրավիճակ: Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:
Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում և հետաքրքրում, և դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:
Նաև պիտի համաձայնվեմ Ձեր այն ձևակերպման հետ, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է: